Ճիշտ չէ, երբ ասում ենք ազգությամբ հային պարզեցված կարգով քաղաքացիություն շնորհելու մասին. Վիգեն Խաչատրյան
«ՀՀ կառավարության 2007թ. որոշմամբ սահմանված են ՀՀ քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև այն դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու, դիմումների քննարկման կարգը և եկեղեցական այն կառույցների ցանկը, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ»,-ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր հայտնեց ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը՝ ներկայացնելով «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը:
Նրա խոսքով՝ դեռևս, օրենքով ՀՀ կառավարությանը տրված չէ այդ կարգերից օգտվելու հնարավորություն և նախագծով գործադիրին օրենքով հնարավորություն կտրվի օգտվել մոտ 13 տարի առաջ ընդունված որոշումներից:
«Կարծում եմ ճիշտ չէ, երբ մենք ասում ենք պարզեցված կամ արագացված կարգով ազգությամբ հային քաղաքացիություն շնորհելու մասին»,-իր ելույթում նկատեց ՔՊ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը և առաջարկեց «ազգությամբ հայեր» ձևակերպումը հանել, քանի որ հնարավոր է լինի դեպք, երբ դիմողն ազգությամբ հայ չլինի, բայց ՀՀ-ն ընդառաջի նրան ՀՀ քաղաքացիություն տալու հարցում:
«Ես ոչ թե դեմ եմ ազգությամբ հայի ընդգծմանը, այլ կարծում եմ, որ այն վիրավորական է, որ ասում ես՝ արի ապացուցի, որ հայ ես»,-պարզաբանեց Խաչատրյանը:
ՔՊ մյուս պատգամավորը՝ Արմեն Խաչատրյանն էլ համաձայնեց Վիգեն Խաչատրյանի հետ՝ ասելով, որ պարզեցված քաղաքացիություն ստանալու հնարավորություն պետք է տրվի ոչ միայն հայերին, քանի որ կան շատ մարդիկ, որոնք ցանկանում են ներդրումներ անել Հայաստանում և նման ձևով նրանց կարելի է մոտիվացնել:
Նա առաջարկեց ներդրում անողների համար ձևավորել պարզեցված քաղաքացիություն տալու համակարգ:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հայտնեց, որ նման համակարգ գործում է Եվրոպայում, բայց այն երկրներում, որոնց քաղաքացի դառնալը մեծ պահանջարկ ունի:
«Առանց հիմնավոր որոշակի փաստաթղթերի առկայության ՀՀ քաղաքացիության շնորհումը մենք անչափ վտանգավոր ենք դիտարկում»,-պատգամավորների առաջարկներին արձագանքեց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը:
Հանձնաժողովի նիստին ներկա ՔՊ պատգամավորները միաձայն ընդգրկեցին նախագիծը ԱԺ օրակարգ և սահմանեցին քննարկման 24-ժամյա ռեժիմ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին