Կարեն Վրթանեսյան. Մենք պարտվել ենք 2018-ի ապրիլից շատ ավելի վաղ, առաջին հերթին ասելիքի դաշտում
«Լավ քարոզչությունը սովորաբար կառուցվում է ճշմարտության վրա»,-Ազատության հրապարակում երիտասարդների մասնակցությամբ ընթացող «Ուղեղների լվացում. Ինչպես դիմակայել» խորագրով քննարկամանն ասաց ռազմական փորձագետ, տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
Նա իր խոսքում անդրադարձավ քարզոչության մասին տարածված միֆերին։ Օրինակ, կա միֆ, որ քարոզչության հիմքը սուտն ու կեղծիքն են։
«Սուտը բավականին արագ բացահայտվում է, հերքվում է, ու այն մարը, որ անընդհատ սուտ է խոսում, հեղինակազրկվում է։ Այդ պատճառով քարոզչությունը կառուցում են ճշմարտության վրա, ուղղակի քարոզչությունը վերցնում է ճշմարտության միայն այն կտորները, որոնք իրեն են պետք, ներկայացվում են կոնտեքստից կտրած։ Այնպես որ լավ քարոզչությունը կառուցվում է ճշմարտության վրա»,-ասաց փորձագետը։
Անդրադառնալով շատերի պնդմանը, թե քարոզչությունն իրենց վրա չի ազդում, քանի որ կրթված են, հասկանում են, ինչ է տեղի ունենում, Վրթանեսյանը միֆ է որակում։
«Եթե քարոզչությունը տարիներով, տասնամյակներով կրկնվում է, ապա ինչ որ պահի սկսում ես հավատալ։ Երբ շուրջբոլորդ մարդիկ նույն բանն են կրկնում, քեզ դժվար է հակառակը բարձրաձայնել, ասել։ Այնպես որ քարոզչությունը բոլորի վրա էլ ազդում է, խելոքների համար խելոքների քարոզչություն կա։ Սա գիտական փորձերով ապացուցված բան է, ժամանակի ու տեխնոլոգիաների հարց է, որ կարողանաս ապացուցել մածունը սև է»,-ասաց նա։
Տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագետը պնդում է, որ քարոզչությունն ամենակարող չէ, օրինակ սոված մարդուն քարոզչությամբ չես համոզի, որ կուշտ է։
«Մի կարևոր բան, որտե՞ղ են ազգային ուժերը պարտվել։ Մենք պարտվել ենք 2018-ի ապրիլից շատ ավելի վաղ, առաջին հերթին պարտվել ենք ասելիքի դաշտում, այն մտքերը, գաղափարները, նարատիվները, որ հաղթել են ու մարդիկ այսօր դրանք անընդհատ կրկնում են, մեր պարտության հետևանք է ու լուրջ խնդիր է։ Մենք պարտվել ենք կոլեկտիվ հիշողության դաշտում։ 1994-ից սկսած մեր կոլեկտիվ հիշողությունը կերտել են դրսից ու դրսի ուժեր»,-ասաց նա։
Վրթանեսյանը քարոզչությանը դիմակայելու իր կանոնն ունի, այն անավանում է «մի բաժակ սառը ջրի կանոն»։
«Հենց ուզում եք ոգևորված, ջղայնացած մի գրառում անեք, մի բան շեյր անեք, մկնիկը դնում եք տեղը, բացում եք ծորակը, մտքում հաշվում եք 100-ը, ջուրը լցնում եք բաժակը, խմում։ Դրանից հետո վերադառնում եք համակարգչի մոտ ու հարցնում, ո՞րն է այս նյութի սկզբնաղբյուրը, ո՞վ է տեսել, ո՞վ է ասել»,-ասաց փորձագետը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները