Մառնեուլի շրջանի Կիրովկա գյուղի բնակիչները ցանկանում են, որ գյուղի տրաֆարետը լինի ադրբեջաներեն
Մառնեուլիի մունիցիպալիտետի, հիմնականում ադրբեջանցիներով բնակեցված Կիրովկա գյուղի անվանափոխության կապակցությամբ քաղաքապետարանի աշխատակիցներն ապրիլի 20-ին հանդիպել են տեղի բնակիչների հետ։ Marneuli FM-ի տարածած լուրը ներկայացնում է «Ալիք գե»-ն։
Նշվում է, որ բնակիչները ցանկություն են հայտնել, որ գյուղը վերանվանվի իր հին անունով՝ «Մամեի»։
Սակրեբուլոյի աշխատակազմի ղեկավար Նինո Բերիձեն նշել է, որ քաղաքապետարանը բնակիչների հետ քննարկման արդյունքում Կիրովկա գյուղի համար նախատեսված 5 անուններից ընտրել է երկուսը՝ «Մծվանե գորա» (Կանաչ բլուր) կամ «Մեգոբրոբա» (ընկերություն)։
Սակայն տեղացիները որոշել են գյուղն անվանել «Մծվանե գորա» և տրաֆարետը թարգմանել ադրբեջաներեն։
«Մենք ընտրել ենք «Մծվանե գորա»-ն։ Մեր գյուղի անունը պատմականորեն եղել է Մամեի։ Բոլշևիկների գալուց հետո այն վերանվանվել է Կիրովկա։ Բայց դրանից առաջ էլ «Մծվանե գորա» է եղել։ Օրինակ, 100 տարի առաջ «Մծվանե գորա» է կոչվել։ Կանաչ բլուր նշանակում է, որ մեր բլուրը կանաչ է՝ ձմեռ-ամառ։ Մենք ցանկանում ենք, որ այս անունը թարգմանվի ադրբեջաներեն։ Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչը որոշել է առաջարկն ուղարկել հատուկ հանձնաժողովի քննարկման»,-ասել է բնակիչներից Զահիդ Մուսաևը։
Նշենք, որ գյուղերի՝ Խորհրդային միությունից ժառանգած անունները փոխելու հարցը քննարկվել է Մառնեուլիի սակրեբուլոյի նիստում։
Շահումյան գյուղը կվերանվանվի Զեմո Շուլավերի (Վերին Շուլավեր)։