ԳԱԿ-ում բացվում է «Թերեզա Միրզոյան 100» հետահայաց ցուցադրության
Այսօրվանից Գաֆէսճեան արվեստի կենտրոնում գործելու է «Թերեզա Միրզոյան 100» հետահայացցուցադրությունը՝ նվիրված անվանի հայ քանդակագործի 100-ամյա հոբելյանին։ Այս մասին Panorama.am-ին տեղեկացնում են Գաֆէսճեան արվեստի կենտրոնից։
«Թերեզա Միրզոյանը (1922-2016) 20-րդ դարի հայ քանդակագործության մեջ կարևոր ավանդ ունեցած ականավոր արվեստագետներից է, ում անունը, ցավոք, հանրային լայն շրջանակներին հայտնի չէ։ Այդուհանդերձ, նա ոչ միայն թողել է հարուստ գեղարվեստական ժառանգություն, այլև անգնահատելի ազդեցություն է ունեցել հայկական քանդակագործության զարգացման վրա՝ լինելով Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի առաջին դասախոսներից մեկը և աշխատելով հայկական արվեստային գլխավոր կրթական հաստատությունում շուրջ վաթսուն տարի։
Ամփոփելով Թերեզա Միրզոյանի ուղին՝ այս ցուցադրությունը հնարավորություն է տալիս բացահայտելու քանդակագործի թե՛ գեղագիտական մոտեցման, թե՛ պլաստիկական լեզվի, թե՛ տարբեր տեխնիկաների ու նյութերի կիրառման, և թե՛ թեմատիկ դիապազոնի բազմաթիվ շերտեր»,- նշում են ԳԱԿ-ից։
«Թերեզա Միրզոյանը եղել է 20-րդ դարի եզակի կին քանդակագործներից մեկը Հայաստանում, և այդ տեսանկյունից նրա ստեղծագործության բացահայտումն ու ներկայացնումն առավել արդիական է այսօր»,- նշում է ԳԱԿ գործադիր տնօրեն Վահագն Մարաբյանը։
«Թերեզա Միրզոյան 100» հետահայաց ցուցադրությունը հանրության համար գործելու է 2022 թվականի ապրիլի 22-ից մինչև հունիսի 19-ը: Մուտքն ազատ է: