Մեր ժողովուրդն այս տարի ավելի է աղքատանալու. տնտեսագետ
Վերջին ամիսներին զգալի թանկացել են պարենային հիմնական ապրանքները։ Քաղաքացիներն ահազանգում են, որ Հայաստանում թանկացումները գնալով ահռելի չափեր են ստանում: Հատկապես թանկանում են առաջին անհրաժեշտության մթերքները, իսկ թոշակների, աշխատավարձերի բարձրացման մասին խոսք չկա։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այս տարվա համար կանխատեսվում է պարենային մթերքների աննախադեպ բարձր գնաճ՝ հաշվի առնելով այն, որ 2021 թվականը գյուղատնտեսության ոլորտի համար եղել է անկումային տարի, դրան գումարած ռուս-ուկրաինական հակամարտությունը, ինչի արդյունքում համաշխարհային շուկայում՝ մասնավորապես պարենային մթերքների մասով, գները զգալի բարձրացել են։
Ըստ նրա՝ Ռուսաստանն ու Ուկրաինան պարեն արտահանող խոշորագույն երկրների շարքում են, մասնավորապես՝ ցորեն, եգիպտացորեն, բուսական յուղ և այլն, ուստի այդ երկրներից պարենի արտահանման կրճատումը համաշխարհային շուկայում հանգեցրել է գնաճի։ Նա չբացառեց, որ ամբողջ տարվա ընթացքում համաշխարհային շուկայում ավելի մեծ գնաճ կարձանագրվի։
Հայաստանը ևս պարենամթերքը հիմնականում ներկրում է Ռուսաստանից։ Տնտեսագետի խոսքով՝ ՌԴ-ն այսօր սահմանափակումներ է մտցրել մի շարք երկրների նկատմամբ պարենի արտահանման մասով, սակայն Հայաստանը դեռևս կարող է մթերք ներկրել ՌԴ-ից, բայց պարտադրված է լինելու դրա դիմաց ավելի բարձր գին վճարել։
«Այսինքն՝ մենք պարենի դեֆիցիտ չենք ունենա, բայց դրա դիմաց ավելի շատ պետք է վճարենք, քանի որ տեղական արտադրությունը վերջին տարիներին կրճատվել է։ Իսկ մեր էկոնոմիկայի նախարարությունը, որը պետք է լուծի պարենային անվտանգության խնդիրը, տարիներ շարունակ ուղղակի անգործության է մատնված»,- ասաց տնտեսագետը։
Ըստ Սուրեն Պարսյանի՝ նման ճգնաժամերի ժամանակ ակնհայտ է դառնում, որ ՀՀ պարենային անվտանգությունը բավականին ցածր մակարդակի վրա է, պարենային ինքնաբավության տեսանկյունից էլ Հայաստանը ԵԱՏՄ երկրներից ամենացածր տեղում է։
Տնտեսագետը նկատեց, որ ըստ տարբեր հաշվարկների, մեր երկրում պարենը կարող է բավարարել ընդամենը վեց ամիս, իսկ նման իրավիճաներում, երբ համաշխարհային շուկայում գները բարձրացել են, հատկապես տուժելու են զարգացող կամ աղքատ երկրները։
«Զարգացած երկրներն ու դրանց հասարակություններն ի վիճակի են պարենի համար շատ վճարել՝ հրաժարվելով իրենց մյուս հաճույքներից, զվարճանքից, ոչ առաջին անհրաժեշտության ապրանքներից և կկարողանան գնել պարեն, իսկ զարգացող կամ աղքատ երկրների դեպքում, որտեղ հասարակության մեծ մասը եկամուտը ծախսում է պարեն ձեռք բերելու համար, բնականաբար, այդ իրավիճակում խորանում է աղքատությունը։
Այսինքն՝ մարդիկ, որոնք իրենց եկամուտի 60-70%-ը ծախսում են պարենի համար, հիմա պարտադրված են լինելու էլ ավելի շատ գումար հատկացնել։ Բնականաբար, չունեն այդ խնայողությունը, որի հաշվին կկարողանան լրացուցիչ ծախսերը կատարել։ Եւ մեր հասարակությունն ինչպես 2021թ-ին, այնպես է 2022 թ-ի ընթացքում, էլ ավելի է աղքատանալու։ Թոշակները, աշխատավարձերը չեն ավելանում, ուստի խնդիրներն ավելի են սրվելու»,- ընդգծեց Սուրեն Պարսյանը։
Տնտեսագետի խոսքով՝ պետությունը տարիներ շարունակ անտեսել է գյուղատնտեսական քաղաքականությունը, պարենային անվտանգությունը՝ երևի մտածելով, որ ավելի էժան գնով դրսից մթերք կներկրեն։ Մինչդեռ, ըստ նրա, նման ճգնաժամերի ժամանակ էժան ապրանք ներկրելը դառնում է խնդիր։
«Բացի այդ, մինչև պատերազմը, մենք հնարավորություն ունեինք Արցախից մի շարք պարենամթերք ներկրել, մասնավորապես, ցորեն, բանջարեղեն, միրգ, իսկ այսօր այդ հնարավորությունից զրկված ենք։ Արցախը նաև անասնակերի մեծ պաշարներ ուներ, այսօր մեր անասնապահության ոլորտն էլ է տուժում։ Պետությունը չի կարողանում այնպիսի գյուղատնտեսական ծրագրեր իրականացնել, որը թույլ կտա ավելացնել գյուղմթերքների ծավալները»,- նշեց Սուրեն Պարսյանը։
Այդուհանդերձ, ըստ տնտեսագետի, վերջին շրջանում պետությունը սկսել է գյուղատնտեսության քաղաքականությունը փոխել. եթե անցած տարի հայտարարում էին՝ պետք է կրճատել գյուղոլորտի աշխատատեղերը, հիմա հակառակ կոչն է անում էկոնոմիկայի նախարարությունը՝ նշելով, որ բոլոր հողատարածքները հնարավորինս պետք է օգտագործել և շատ գյուղամթերք արտադրել։
«Ակնհայտ է, որ մեկ տարվա ընթացքում նման քաղաքական կուրսի փոփոխությունը պայմանավորված է համաշխարհային շուկայում պարենի կտրուկ գնաճով։
Համեմատության համար նշեմ, որ միզագային շուկայում պարենի գներն ավելի շատ են աճել, քան Հայասատնում։ Մենք դեռևս կարողանում ենք որոշակի արտոնյալ պայմաներով, համեմատաբար էժան գնով պարեն ներկրել ՌԴ-ից։ Այսինքն՝ մեր երկրում համեմատաբար «լավ» վիճակ է, բայց դեռ չգիտենք, թե մեզ ինչ է սպասվում։ Ամբողջ տարվա ընթացքում գնաճի պրոցեսները շարունակվելու են։ Ի վերջո, ինչքան ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվի, պարենի խնդիրն ավելի է սրվելու»,- ասաց Սուրեն Պարսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Պարենի համաշխարհային գները մարտին հասել են վերջին 32 տարվա ամենաբարձր մակարդակին
- Այսօր մենք կանգնած ենք պարենային անվտանգության խնդրի առաջ. Արթուր Խաչատրյան
- Գյուղատնտես. Ջերմաստիճանի կտրուկ անկումը կնվազեցնի բերքի հնարավոր վնասները
- Դավիթ Պիպոյան. Պարենային անվտանգության խնդիրներն առաջնային են
- Պարենային իրավունքի փորձագետ. Սովի գինը մենք վճարում ենք ոչ կոմպետենտ կառավարման արդյունքում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան