ԶԱՀ-ը 4760 շահառու ունի, որից՝ 3998-ը զոհ, 152-ը` անհետ կորած, 610-ը՝ հաշմանդամ.Տաթևիկ Յաղջյան
«Թվով 70 նոր հատուցում է ներկայացվել հիմնադրամի կողմից այս ամիս և արդեն իսկ 675 մլն դրամ տրամադրվել է միանվագ գումարի տեսքով, ցավոք այս 70 դեպքի մեծամասնությունն անհայտ կորած համարվող զինծառայողներն են՝ 38-ն հոգի, 26-ը զոհերն են և 6-ը՝ հաշմանդամություն ունեցողները»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում հայտնեց «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» (ԶԱՀ) տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տաթևիկ Յաղջյանը:
Նրա խոսքով՝ հիմնադրամն ունի 4760 շահառու և նրանց դեպքով տրամադրում են կայուն և երկարաժամկետ հատուցումներ, իսկ պատերազմից առաջ շահառուները 417-ն են եղել:
Տաթևիկ Յաղջյանի տեղեկացմամբ՝ հիմնադրամի գործունեության ողջ ընթացքում հավաքագրվել է ընդհանուր 72 մլրդ դրամ, որից շուրջ 61 մլրդը` ՀՀ քաղաքացիներից գանձվող պարտադիր վճարների տեսքով, իսկ մնացած 11 մլրդ-ը` նվիրատվությունների։
Նա նաև հայտնեց, որ 11 միլիարդ դրամ նվիրատվությունների ավելի քան 80 %-ը՝ 8.8 միլիարդը կատարվել է Հայաստանից ու Արցախից, իսկ 2.2 միլիարդը` սփյուռքից։
«Ներկա պահին հիմնադրամը 4760 շահառու ունի, որոնցից 3998-ը զոհեր են, 152-ը` անհետ կորածներ, 610-ը՝ հաշմանդամություն ունեցողներ»,-հայտնեց ԶԱՀ տնօրենի պաշտոնակատարը։
Խոսելով ապրիլի 24-ին կազմակերպվելիք դրամահավաքի արշավի մասին՝ ԶԱՀ հանրային կապերի պատասխանատու Անի Հարությունյանը հայտնեց, որ հիմնադրամն ունի «Ի հիշատակ» նվիրաբերության տեսակ, որի միջոցով հնարավոր է նվիրաբերություն անել հիմնադրամին, դրանով հարգանքի տուրք մատուցելով որևէ անձին՝ նրա հիշատակին, և արդյունքում՝ կանգնելով հայրենիքի և բոլորի համար իրենց կյանքն ու առողջությունը չխնայած զինծառայողների և նրանց ընտանիքների կողքին:
«Նվիրաբերությունը կատարելիս հնարավոր է նշել այն անձի կամ ընտանիքի անունը, ում հիշատակի համար են նվիրաբերություն անում և հիմնադրամն ավտոմատ կերպով հավաստագիր կուղարկի նրա էլեկտրոնային հասցեին, որը կփաստի նվիրաբերության մասին»,-ասաց հանրային կապերի պատասխանատուն:
Նա տեղեկացրեց, որ նվիրաբերություն կատարել հնարավոր է՝ այցելելով http://www.1000plus.am, գլխավոր էջից ընտրելով «Նվիրաբերություն» բաժնի «Ի հիշատակ» նվիրաբերության տեսակը (https://www.1000plus.am/hy/payment/in-memory )։
Ասուլիսում տեղեկացվեց, որ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններին, որոնք առնչվում են ԶԱՀ-ի շահառուներին, ցանկացողները կարող եք ծանոթանալ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագծի լրամշակված տարբերակում։
Հիշեցնենք, որ ԶԱՀ-ը տրամադրում է.
• Միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ զոհված և անհայտ բացակայողների ընտանիքներին, ինչպես նաև զինհաշմանդամության 1-ին խումբ ունեցող զինվորներին, այնուհետև 20 տարի շարունակ ամսական 200,000-300,000 ՀՀ դրամ:
• Միանվագ 5 միլիոն ՀՀ դրամ զինհաշմանդամության 2-րդ խումբ ունեցող զինվորներին, այնուհետև 20 տարի շարունակ ամսական 100,000-200,000 ՀՀ դրամ:
Ամսական վճարների տարբերությունը պայմանավորված է դեպքը տեղի ունենալու պահին զինծառայողի զորքերի կազմից։
Ի հավելումն վերը նշված ամսական վճարների, շահառուն իրավասու է ստանալ 100,000 ՀՀ դրամ ամսական լրավճար, եթե ընտանիքում կան 3 և ավելի անչափահաս երեխաներ։
Ասուլիսի բանախոսները շնորհակալություն հայտնեցին բոլոր նվիրատուներին, ինչպես նաև Հայաստանում և Արցախում յուրաքանչյուր ամիս պարտադիր վճարներ կատարող հարկատուներին։
«Մեր առաքելությունը կյանքի է կոչվում յուրաքանչյուր հայի ներդրման շնորհիվ։ Այս նախագծի շրջանակներում ողջ ազգով ապավեն ենք լինում այն հերոսներին և նրանց ընտանիքներին, ովքեր տվեցին իրենց ամենաթանկը հանուն մեր արժանապատիվ ապագայի և հզոր հայրենիքի»,-հայտնեցին հիմնադրամից:
Հարակից հրապարակումներ`
- ՀԱԳՄ նախագահի կոչից հետո Զինծառայողների հիմնադրամին մինչ օրս փոխանցվել է ավելի քան 65 միլիոն դրամ
- Կայացավ Զինծառայողների հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան