Երևանյան բեմում Գարուն կատարեց նաև Շառլ Ազնավուրի ու Միշել Լեգրանի երգերից
Նախօրեին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ ֆրանսիացի հայտնի երգիչ Գարուի մենահամերգը։
Նա առաջին անգամ Երևանում ելույթ է ունեցել 2009 թվականին։ Համերգի ժամանակ խոստովանեց, որ ուրախ է կրկին վերադառնալ Հայաստան ու ելույթ ունենալ հայ հանդիսատեսի համար։
Գարուն երևանյան բեմից ևս մեկ անգամ, ինչպես օրեր առաջ Երևանում կայացած ասուլիսի ժամանակ ասաց, որ ինքը հայ չէ, թեև հաճախ են իր ազգանունը նշում Գարանյան։
«Իմ ազգանունը Գարան է, ոչ թե Գարանյան, բայց ես սիրում եմ Հայաստանը»,- նշեց երգիչը։
Լեփ-լեցուն դահլիճում նա կատարեց ոչ միայն իր երգերից, նաև Շառլ Ազնավուրից, Միշել Լեգրանից, Ջո Դասենից և այլ հայտնի երգիչների ստեղծագործություններից, հանդիսատեսը հաճախ ձայնակցում էր նրան։
Գարուն ընթացքում ներկայացրեց պատմություններ իր ու ընտանիքի հետ կապված, կատարեց 20-ամյա դստեր գրած երգը։
Երգիչը փորձեց համերգային երեկոն ամփոփել հանրահայտ «Belle» երգով, սակայն հանդիսատեսի անդադար ծափահարությունները նրան ու երաժիշտներին կրկին բեմ բերեց։
Գարուի համերգը կայացավ «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում Ֆրանկոֆոնիային Հայաստանի լիիրավ անդամակցության 10-ամյակի առիթով:
Գարուի ևս մեկ համերգ կկայանա այսօր կրկին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան