Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի և Մարկ Ցուկերբերգի դեմ
Հակառուսական նոր պատժամիջոցների ներդրման կապակցությամբ Մոսկվան «Stop-ցուցակ»-ում ավելացրել է ևս ԱՄՆ 29 քաղաքացու, այդ թվում՝ փոխնախագահ Քամալա Հարիսին և Meta-ի (ՌԴ-ում արգելված ծայրահեղական կազմակերպություն) ղեկավար Մարկ Ցուկերբերգին: Պատժամիջոցների ցուցակի ընդլայնման մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն իր կայքում։
ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ պատժամիջոցների ցանկում ընդգրկված անձանց անժամկետ արգելվում է մուտք գործել երկիր։ Բացի Հարիսից և Ցուկերբերգից, պաշտոնական Մոսկվան փակել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ջոն Քիրբիի, փոխնախագահ Քամալա Հարիսի ամուսնու՝ Դուգլաս Էմհոֆի և ամերիկյան խոշորագույն բանկերից մեկի՝ Bank of America-ի նախագահ Բրայան Մոյնիհանի մուտքը։
Ցուցակում ներառվել են նաև մի շարք լրագրողներ, որոնք, ըստ ՌԴ ԱԳՆ-ի, ձևավորում են «ռուսաֆոբ օրակարգ»։ Նրանց թվում են ABC-ի հաղորդավար Ջորջ Ստեֆանոպուլոսը և CNN-ի միջազգային ավագ վերլուծաբան Բիաննա Գոլոդրիգան: