Արթուր Վանեցյան. Իշխանությանը չի հաջողվելու շարժումը կասեցնել
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ապրիլի 17-ից ի վեր գիշերում է Ազատության հրապարակում՝ բաց երկնքի տակ։ Անժամկետ բողոքի ակցիաների մասին հայտարարած ընդդիմադիր գործիչը համարում է, որ վրանի տեղադրումը չթույլատրելու որոշումը քաղաքական է։
«Քաղաքական իշխանությունները տեսնում են, որ Ազատության հրապարակում սկսած շարժումը ժամ առ ժամ թափ է հավաքում, փորձում են կասեցնել շարժման ընթացքը, բայց չեն հաջողելու։ Ես եկա Ազատության հրապարակ միայնակ, այսօր մենք տեսնում ենք, որ այստեղ մշտապես մարդիկ կան, գալիս են շատ տարբեր մարդիկ»,-ասաց Վանեցյանը։
Նա նշեց, որ հրապարակ գալիս են տարբեր քաղաքական հայացնքերի տեր մարդիկ՝ անկախ այն բանից, համակրում են, թե ոչ այս կամ այն քաղաքական գործչին։
«Նրանք հասկանում են, որ սա պայքար է հանուն հայրենիքի։ Չի կարող լինել կուսակցական նեղ խմբի պայքար, նեղ քաղաքական թիմի պայքար։ Սա համաժողովրդական շարժում է»,-ասաց նա։
Անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի՝ օրեր առաջ հայտնած այն տեսակետին, որ Արթուր Վանեցյանը բարձրաձայնում է անվտանգային լուրջ խնդիրների մասին, ուստի պետք է նրան այցելեն ԱԱԾ ղեկավարները, Վանեցյանն ասաց.
«Այո, մեր հիմնական խնդիրն անվտանգային երկարաժամկետ երաշխքիներն են Հայաստանի ու Արցախի համար։ Մեր անվտանգային համակարգը փլուզվել է։ Պետք է արագ քայլեր ձեռնարկենք, որ անվտանգային համակարգը վերականգնվի։ Ինչ վերաբերում է ԱԱԾ տնօրենի՝ ինձ հետ կապ հաստատելու, զրուցելու վերաբերյալ հարցին, ապա նման առաջարկ չի եղել։ Միքայել Համաբարձումյանն իր կարծիքն է հայտնել»,-ասաց նա։
Վանեցյանը ևս մեկ անգամ քաղաքացիներին կոչ արեց գնալ Ազատության հրապարակ՝ նշելով, որ սա պայքար է առանց կուսակցական դրոշների, առանց առաջնորդի, պայքար է հանուն հայրենիքի, հանուն ապագայի։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում 30 տոննա արյուն ենք թողել, դրա համար պատասխան տվող չկա՞. Զոհված զինծառայողի հարազատ
- Գալիս են մարդիկ, որոնք ունեն այլ քաղաքական հայացքներ, բայց այստեղ մենք պայքարում ենք «հանունի» համար. Վանեցյան
- Գլուխները պատով կտան, ինձ կոչումներից կզրկեն, իրենց հոր տնից չեն բերել. Արթուր Վանեցյան
- Իրանի պահվածքը շատ բարեկամական է Հայաստանի նկատմամբ. Արթուր Վանեցյան