«Ժողովուրդ». Սամվել Բալասանյանի որդին կնշանակվի Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոս
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Միսակ Բալասանյանը, կնշանակվի Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոս: Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ թեև իշխանությունների հետ կոնկրետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նշանակման մասով, սակայն որոշակի խնդիրներ են առաջ եկել: Բանն այն է, որ Միսակ Բալասանյանի անունը կապված է որոշ աղմկահարույց դեպքերի հետ, և հիմա ամեն ինչ անում են այդ դեպքերով նրա անունը «մաքրելու» համար: Իսկ ի՞նչ աղմկահարույց դեպքերի մասին է խոսքը:
2012 թվականին դանակահարել Էին «Գյումրի-Գարեջուր» ՍՊԸ ընկերության անվտանգության աշխատակցին, որը մահացել էր, և այս դեպքով մամուլում շոշափվեց ընկերության նախագահ Միսակ Բալասանյանի անունը: Իսկ, ահա, մյուս դեպքը եղել էր 2016 թվականին: Սեպտեմբերի 20-ին հայտնաբերվել էր ԱԺ նախկին պատգամավոր Վարդևան Գրիգորյանի որդու՝ 26-ամյա Արշակ Գրիգորյանի դին իրենց առանձնատան նկուղում՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Այդ ժամանակ Վարդևան Գրիգորյանը գլխավորում էր Գյումրու ավագանու ԲՀԿ-ի ցուցակը, և մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, թե Գրիգորյանի որդու մահվան պատճառը մրցակիցների փակցրած պաստառներն են եղել:
Գյումրեցիների պատմելով՝ պաստառը տեղադրելու մտահղացումը եղել է ՀՀԿ-ի կողմից առաջադրված, գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդունը՝ Միսակինը: Եվ, ահա, կարճ ժամանակ անց Արշակ Գրիգորյանին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կասեցվեց:
«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց Միսակ Բալասանյանին, և մեր հարցադրումներին ի պատասխան՝ Գյումրի-Գարեջուր» ընկերության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Լուսինե Սանոյանը հայտնեց. «Նման տեղեկությունների չեմ տիրապետում, պարոն Բալասանյանը այս պահին իրականացնում է «Գյումրի-Գարեջուր» ՍՊԸ ընկերության նախագահի իր աշխատանքը:
Իսկ ինչ վերաբերում է վերը նշված դեպքերին, ապա նմանատիպ տրամաբանությունը առնվազն տարակուսանք է առաջացնում, որովհետև ե՛ւ քննչական գործողություններով, ե՛ւ դատարանի վճռով հաստատված է, որ պարոն Բալասանյանը տվյալ վիճաբանության հետ առնչություն չի ունեցել, և տուժողը գործարանի անվտանգության աշխատակիցներից մեկն է եղել: Իսկ պարոն Վարդևան Գրիգորյանի որդու դեպքը շատ ցավալի դեպք էր, որը մենք ևս մեծ ցավով ենք տարել: Աբսուրդ է Ձեր մատնանշված կապը, քանի որ մահացածի հարազատներն էին հայտարարել, որ իրենց որդու դեպքը քաղաքական գործընթացների հետ կապ չունի»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան