Փաշինյանն ու Կլաարը քննարկել են Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Փաշինյանը, կարևորելով Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը, բարձր է գնահատել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ տարածաշրջանում կայունության հաստատմանը միտված ջանքերը, որոնք, միջազգային մյուս գործընկերների ջանքերի հետ համատեղ, նպաստում են տարածաշրջանային երկխոսությանը: Վերահաստատելով ՀՀ հանձնառությունը ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին՝ Նիկոլ Փաշինյանը նաև գոհունակություն է հայտնել ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի տնտեսական և ներդրումային փաթեթի շրջանակում Հայաստանին 2.6 մլրդ եվրո հատկացնելու և մեր երկրում զարգացման ծրագրեր իրականացնելու կապակցությամբ:
Տոյվո Կլաարը շնորհակալություն է հայտնել Ն. Փաշինյանին գնահատականների համար և վերահաստատել ՀՀ հետ գործընկերությունը խորացնելու, տարածաշրջանային խաղաղությանը միտված ջանքերը շարունակելու ԵՄ հանձնառությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵԽ նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի՝ ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի շուրջ: Արծարծվել են Լեռնային Ղարաբաղի խնդրին, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծմանը և սահմանազատմանը, տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր:
Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը քննարկվել է ԱլԳ ներդրումային փաթեթով նախատեսված ծրագրերի իրականացման ընթացքը: Այս համատեքստում ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը ներկայացրել է ընթացիկ աշխատանքները և առաջիկա անելիքները: Ծրագրերն ուղղված են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը, տնտեսության խթանմանը, փոքր և միջին բիզնեսի, էներգետիկայի, ենթակառուցվածքների ոլորտների զարգացմանը:
Հարակից հրապարակումներ`
- Տոյվո Կլաարը կարևոր է համարել Փաշինյանի հայտարարությունները
- Կարևոր կլինի, որ երկու կողմերն էլ պատրաստ լինեն փոխզիջումների. Տոյվո Կլաար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան