Արթուր Վանեցյանի գլխավորությամբ քաղաքացիները երթով գնում են Հանրապետության հրապարակ
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ով ապրիլի 17-ին հայտարարել էր անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին՝ գիշերելով Ազատության հրապարակում, ամփոփելով իրենց պայքարի առաջին փուլը՝ այն գնահատեց լավ։
«Առաջին փուլում մեր առջև դրված նպատակին գրեթե 100 տոկոսով հասել ենք։ 6 օր 24 ժամ Ազատության հրապարակը եղել է մարդաշատ, շփվել եմ հազարավոր մարդկանց հետ։ Այդ շփումների արդյունքում այդ մարդիկ ինձ այնքան ուժ են տվել, որ արդեն որևէ կասկած չունեմ, որ մեր գործն արդար է, այն հաջողությամբ ավարտելու այլընտրանք չունի։ Այն ուժը, եռանդը, որը կար իմ մեջ երբ եկա Ազատության հրապարակ, ձեր հետ շփումներով կրկնապատվել ու եռապատկվել է»,- հայտարարեց Արթուր Վանեցյանը։
Նա ընդգծեց, որ հասնելու են իրենց նպատակին, քանի որ թշնամուն զիջելու հայրենիք չունենք։
«Այս շարժումը, որը սկսեցինք մենք, թափ է առնել ողջ հանրապետությունում, ապակուսակցական է, չկան կուսակցական դրոշներ, ընդգծված առաջնորդներ, բացառապես քաղաքական պայքար է, պայքար հանուն մեր մեծ հայրենիքի, մեր Հայաստանի ու Արցախի, մեր հայ ժողովրդի»,- ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչը։
Նա նշեց, որ այս պայքարն ապակենտրոն է, ցանցային, որն ունի մեկ նպատակ և այդ նպատակին արդյունավետ հասնելու համար խնդրում է բոլորին միանալ այս պայքարին։
Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ այժմ երթով գնում են Հանրապետության հրապարակ՝ միանալու համազգային ջահերով երթին դեպի Ծիծեռնակաբեդի հուշահամալիր։
«Վաղը լռության օր է, իսկ ապրիլի 25-ի առավոտյան կրկին հավաքվում ենք Ազատության հրապարակում՝ տալու մեր պայքարի երկրորդ փուլի մեկնարկը։ Միասին իրականացելու ենք բազմաթիվ գործողություններ, որպեսզի ցույց տանք, որ մենք միասնական ենք, արթնացնենք այն մարդկանց, որոնք դեռևս չեն միացել մեր համազգային շարժմանը, և մենք անպայման հաջողելու ենք։
Մեր պայքարն անշրեջելի է, թափ է հավաքելու, հասնելու ենք մեր հիմնական նպատակին»,- հայտարարեց Արթուր Վանեցյանը, որից հետո նրա գլխավորությամբ հավաքված մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ։
Հարակից հրապարակումներ`
- Շոկի մեջ էի, ասացի՝ դու ի՞նչ գործ ունես այստեղ, ասաց՝ «զզվել եմ սրանցից». Արթուր Վանեցյան
- Մենք չհաջողելու հնարավորություն չունենք. Արթուր Վանեցյան
- Այս անգամ Ջահերով երթը տարբերվելու է. Արթուր Վանեցյան
- Վանեցյան. Ապրիլի 25-ից սկսելու ենք ակտիվ գործողությունների շրջան
- Արթուր Վանեցյան. Իշխանությանը չի հաջողվելու շարժումը կասեցնել
- Գալիս են մարդիկ, որոնք ունեն այլ քաղաքական հայացքներ, բայց այստեղ մենք պայքարում ենք «հանունի» համար. Վանեցյան
- Գլուխները պատով կտան, ինձ կոչումներից կզրկեն, իրենց հոր տնից չեն բերել. Արթուր Վանեցյան