ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ապրիլի 28-ին կայցելի Ուկրաինա
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ապրիլի 28-ին կայցելի Ուկրաինա։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին ասվում է ուրբաթ օրը նրա գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
«Գլխավոր քարտուղարը հաջորդ շաբաթ կայցելի Ուկրաինա: Նա աշխատանքային հանդիպում կանցկացնի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ, իսկ ապրիլի 28-ին նրան կընդունի նախագահ Վլադիմիր Զելենսկին»,- ասվում է տեքստում։
Գլխավոր քարտուղարի մամուլի ծառայությունը նշել է, որ նա կհանդիպի նաև Ուկրաինայում աշխատող համաշխարհային կազմակերպության աշխատակիցների հետ՝ քննարկելու երկրի «բնակչությանը հումանիտար օգնության ընդլայնումը»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գուտերեշը Մոսկվա կմեկնի ապրիլի 26-ին, որի ընթացքում կհանդիպի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ապրիլի 19-ին Գուտերեշը նամակներ է հղել ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի մշտական ներկայացուցչություններին՝ խնդրելով երկու երկրների նախագահներին ընդունել իրեն իրենց մայրաքաղաքներում։ Գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցի խոսքով, Գուտերեշը մատնանշել է, որ «այս կարևոր պահին, որը կապված է մեծ վտանգների հետ, ես կցանկանայի քննարկել Ուկրաինայում խաղաղություն հաստատելու հրատապ քայլերը»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին