Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ Փարիզի քաղաքապետի հրավերով տեղի է ունեցել ընդունելություն
Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 22-ին Փարիզի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում քաղաքապետ Անն Հիդալգոյի հրավերով տեղի է ունեցել ընդունելություն՝ բազմաթիվ խորհրդարանականների, Փարիզի քաղաքային խորհուրդի անդամների և հարյուրավոր ֆրանսահայերի մասնակցությամբ։ Ընդունելության մեկնարկին ելույթներով հանդես են եկել Փարիզի քաղաքապետը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ինչպես նաև Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) երկու համանախագահները: Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։
Դեսպան Տոլմաջյանն իր խոսքում անդրադարձել է Հայոց ցեղասպանության ժխտողականության դատապարտման անհրաժեշտությանը՝ ընդգծելով դրա կարևորությունն ինչպես համայն հայության համար, այնպես էլ ցեղասպանությունների կանխարգելման և մարդկության դեմ հանցագործությունների միջազգային պայքարի տեսանկյունից: Դեսպանը հիշեցրել է նաև այն կարևոր դերակատարման մասին, որ Ֆրանսիան ունեցել է ցեղասպանությունից փրկված հայ գաղթականներին ապաստանելու հարցում՝ շեշտելով, որ Ֆրանսիայում ապաստանած հայ գաղթականների սերունդները, պահպանելով իրենց ազգային ինքնությունը, միևնույն ժամանակ դարձել են Ֆրանսիայի լիիրավ և պատասխանատու քաղաքացիներ՝ մեծ ավանդ ունենալով Ֆրանսիայի զարգացման և հայ-ֆրանսիական հարաբերությունների խորացման գործում։
Եզրափակելով իր խոսքը՝ դեսպանը շնորհակալություն է հայտնել Փարիզի քաղաքային իշխանություններին, ի դեմս քաղաքապետ Հիդալգոյի, մշտապես Հայաստանի և Արցախի կողքին լինելու համար։ Նա հիշեցրել է, որ Փարիզի քաղաքային խորհուրդն առաջիններից էր, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից անմիջապես հետո ընդունեց բանաձև՝ կոչ անելով ճանաչել Լեռնային Ղարաբաղը։ Դեսպանը նաև շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Հիդալգոյին, ինչպես նաև փոխքաղաքապետ Առնո Նգաչային՝ Փարիզի սրտում Հայաստանի էսպլանադի բացման նախագծի կյանքի կոչման համար։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին