Գերմանական կոնցեռնը դիմել է Ուկրաինային 100 BMP Marder մարտական զրահամեքենա վաճառելու հայտով
Գերմանական Rheinmetall պաշտպանական կոնցեռնը հարցում է ուղարկել Գերմանիայի իշխանություններին՝ Ուկրաինային 100 հատ Marder հետևակի մարտական մեքենաներ վաճառելու նպատակով։ Այս մասին շաբաթ օրը իր կայքում հայտնել է Welt am Sonntag թերթը։
Հարցումը հինգշաբթի օրը ստացել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը և փոխանցել է Անվտանգության դաշնային խորհրդին։ Ըստ հոդվածագրի՝ այս մարմնի կազմում են կանցլեր Օլաֆ Շոլցը, արտաքին և ներքին գործերի, պաշտպանության, ֆինանսների, էկոնոմիկայի, տնտեսական համագործակցության և արդարադատության նախարարները։ Եթե հայտը հաստատվի, ապա BMP-ների առաջին խմբաքանակը կարող է ուղարկվել Ուկրաինա մի քանի շաբաթվա ընթացքում։ Որոշում կայացման մասին, չի նշվում:
Շոլցը ճնշումների տակ ընկավ Ուկրաինային ուղղակի մահաբեր ծանր սպառազինություն մատակարարել չցանկանալու պատճառով: Ուրբաթ օրը Der Spiegel ամսագրում հրապարակված հարցազրույցում նա ասել էր, որ պատրաստվում է ամեն ինչ անել, որպեսզի ՆԱՏՕ-ն չդառնա հակամարտության կողմ և չսկսի համաշխարհային պատերազմ։ Բեռլինը նախկինում Կիևին հակաօդային համակարգեր և հակատանկային զինատեսակներ էր մատակարարել։
Հինգշաբթի օրը DPA գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Գերմանիայի կառավարությունը, այսպես կոչվող, շրջանաձև փոխանակման միջոցով, նախապատրաստվում է Սլովենիայի տարածքով խորհրդային T-72 տանկեր մատակարարել Ուկրաինային։