Փաշինյանը տեսնում է, որ կա բողոքի ալիքի էական էսկալացիա, զգում է վերահաս վտանգը. Սոս Հակոբյան
«Նիկոլ Փաշինյանը սովոր է ամենակարևոր, առանցքային, բախտորոշ հարցերում գնալ գաղտնի, ժողովրդի մեջքի հետևում պայմանավորվածությունների՝ դրանով իսկ զիջել կամ Հայաստանի տարածային ամբողջականության մի մասը, կամ Արցախի»,- Ազատության հրապարակում լրագրողներին ասաց «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։
Նրա խոսքով, Փաշինյանը տեսնում է, որ մարդկանց շրջանում դժգոհությունը մեծանում է, ակցիաների մասնակցում են մարդիկ, որոնք նախկինում երբեք դուրս չէին եկել փողոց, անտարբեր էին։
«Նիկոլ Փաշինյանը տեսնում է, որ կա բողոքի ալիքի էական էսկալացիա։ Մենք ասել ենք, որ ընդամենը երկու օրից ողջ Հանրապետությունում տարբեր ուժերի կողմից սկսվելու են բողոքի գործողություններ։ Նիկոլ Փաշինյանը զգում է վերահաս վտանգը։ Վստահ եմ, որ լինելու են հայտարարություններ, որ իրեն սխալ են հասկացել, իրականում Արցախն ոչ մեկին չի հանձնում, չեմ բացառում, որ սկսի խոսել Արցախի ինքնիշխանությունից, բայց նպատակ է ունենալու կարճ ժամանակով նորից թմրեցնել հասարակությանը»,- ասաց Ս. Հակոբյանը։
Նա նաև նշեց, որ Փաշինյանը ստում է, երբ ասում է ԼՂ կարգավորման ոչ մի փաստաթուղթ չկա։
«Հերթական անգամ սուտ է խոսում։ Գիտենք Ադրբեջանի ներկայացրած 5 սկզբունքները, Փաշինյանն ու իր իշխանությունը հրապարակավ համաձայնություն են տվել դրանց։ Այդ 5 սկզբունքները նկարագրում են հիմնախնդրի լուծման եղանակը։ Համաձայն դրանց, կարող է լինել մոտավորապես այսպիսի իրավիճակ՝ Արցախն ունի ինչ-որ իրավունքներ, որևէ ինքնուրույնություն կապված ինքնության հետ, բայց Ադրբեջանի կազմում, որովհետև 5 սկզբունքներն, Ադրբեջանի մեկնաբանմամբ, իր տարածքային ամբողջականության մասին է։ Մենք տեսանք, որ 2 օր առաջ Ալիևը հայտարարեց՝ եթե չընդունվեն այդ 5 սկզբունքները, խաղաղության պայմանագիր չի կարող լինել։ Այդ սկզբունքների շրջանակներում նա մեկնաբանում է Արցախի հարցի վերջնական փակումը»,- ասաց «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակը։
Նա ընդգծեց, որ ամեն ինչ իրականում շատ ակնհայտ է. «Անունը դնելով նշաձողի իջեցում և չասել Արցախն Ադրբեջանի կազմում, էությանը չի փոխվում։ Փաշինյանը լղոզված հայտարարություններ է անում՝ ժամանակ շահելու համար, որպեսզի կարողանա ժողովրդին ասել՝ ես ուրիշ բան եմ ասել, մինչև իր սև գործն անի։ Մեր խնդիրն է դա թույլ չտալ, չխաբվել։ Պետք է ակտիվ դիմակայենք ու հեռացնենք սրանց, իսկապես հնարավորություն տանք մեր երկու հայկական պետություններին կայանալու, պահպանվելու և առաջ գնալու»։
Ս. Հակոբյանի խոսքով, այդ մարդն անդադար սուտ է խոսում՝ ունենալով մեկ նպատակ՝ պահպանել իշխանությունը։
«Նա գնում է Բրյուսել, մի բան է խոստանում, Մոսկվայում վերադառնում է ռուսական գործընկերության մթնոլորտ՝ խոստանալով, որ ամեն ինչ կարգին է, հետ գալիս ու միգուցե երրորդ կողմին մի բան խոստանում, այսինքն այնքան, մինչև ժամանակ կշահի իշխանությունը պահպանելու համար։ Այդ պայմաններում ոչ թե ինքն է ճղվում մեջտեղից, այլ Հայաստանի անվտանգային միջավայրը, ստացվում է, որ ոչ Ռուսաստանն է մեզ վստահում, ոչ Եվրոպական միությունը, ոչ ԱՄՆ-ն, և այս ամբողջն այս մի մարդու անհավասարակշիռ, ապազգային վարքագծի շնորհիվ»,- ասաց Սոս Հակոբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Այս օրերին ակցիաներ իրականացնող բոլոր ուժերի նպատակը մեկն է՝ պահպանել Արցախն ու Հայաստանը. Արսեն Բաբայան
- Այս ընթացքում և այս պահին չի եղել և չկա ԼՂ կարգավորման ոչ մի նախագիծ կամ սևագիր. Փաշինյան
- ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի ներդրումն անուրանալի է. Նիկոլ Փաշինյան
- Սա վերջին կետն է, սրանից այն կողմ արդեն ունենք պետության կորստի ռիսկ. Սոս Հակոբյան
- Սոս Հակոբյան. Արցախը Ադրբեջանի կազմում՝ սա է ՔՊ և Նիկոլի քաղաքական ծրագիրը
- Սոս Հակոբյան. Արցախը Հայաստանի մարող ինքնիշխանության վերջին պատվարն է և սա չափազանցություն չէ
- Ինչի՞ շուրջ են բանակցությունները, եթե անդրադարձ չի կատարվում Արցախի հիմնախնդրի լուծմանը. Սոս Հակոբյան