«Ես երբեք չեմ մոռանա մորս աչքերում եղած մեծ վիշտը, երբ նա պատմում էր 1915 թ-ի սարսափների մասին». ԱՄՆ կոնգրեսական
Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը հզոր ուղերձ էր բոլոր նրանց, ովքեր պատմությունը վերափոխելու փորձ են անում: Այս մասին Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին «Արմենպրես»-ին տված տեսաուղերձում հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ջեքի Սփիերը:
«Որպես Կոնգրեսի՝ հայկական արմատներ ունեցող երկու անդամներից մեկը և Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ` պատիվ ունեմ ձեզ հետ միասին ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը: Ինչպես ձեզնից շատերը՝ ես ևս այս ողբերգությունը շատ խորն եմ զգացել՝ ինչպես ընտանեկան պատմության, այնպես էլ ամբողջ աշխարհի հայերի հավաքական ցավի միջոցով: Ես երբեք չեմ մոռանա մորս աչքերում եղած մեծ վիշտը, երբ նա ինձ պատմում էր 1915 թվականի ապրիլի 24-ի սարսափների մասին: Օսմանյան կայսրության կողմից 1.5 միլիոն հայերի անսիրտ, համակարգված և հաշվարկված սպանությունը անհերքելիորեն պատմության ամենամութ էջերից է, և մենք պետք է շարունակենք ընդդիմանալ այդ պատմությունը ջնջելու փորձերին»,- նշել է Սփիերը:
Նա նշել է, թե ինչպիսի հպարտության պահ է ապրել, երբ 2021 թվականին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Սփիերը նշել է նաև, որ իր համար մեծ պատիվ էր տարիներ առաջ օգնելու Կոնգրեսում ներկայացնել Ցեղասպանության ճանաչման մասին բանաձև՝ վերահաստատելու ԱՄՆ հանձնառությունը ճշմարտությանը:
«Նմանօրինակ գործողությունները հզոր ուղերձ են նրանց, ովքեր ցանկանում են վերափոխել պատմությունը: Սակայն մեր գործը դեռ չի ավարտվել: Թուրքիան շարունակում է հերքել, որ Հայոց ցեղասպանություն տեղի է ունեցել և ակտիվորեն աշխատում է՝ ճնշելու վերապրածների վկայությունները: Վերապրածների ճշմարտության հերքումը ոչ միայն վիրավորում է մեր համայնքի զգացմունքները, այլև քաջալերում հանցագործներին: Նախորդ ամիս Ադրբեջանը կրկին սադրանքի դիմեց Արցախում՝ գրավելով ևս մեկ գյուղ և թողնելով Արցախի բնակչությանը սառելու սաստիկ ցրտին՝ երեք շաբաթ շարունակ կտրելով գազը:
Այսօր անկեղծորեն ճանաչելով Հայոց ցեղասպանության ողբերգությունը՝ մենք հզոր ուղերձ ենք հղում՝ ասելով՝ բոլոր նրանք, ովքեր կփորձեն մեզ լռեցնել, կձախողվեն: Այս ցավալի օրը ես միանում եմ ձեզ՝ ոչ միայն հիշատակելու մեր նախնիներին, ովքեր օսմանցիների ձեռքով ոչնչացվեցին, այլև վերահաստատելու մեր հանձնառությունը՝ ի հիշատակ նրանց հանդես գալ ընդդեմ համաշխարհային ճնշումների ու անարդարության: Մենք կարող ենք և պետք է ապահովենք, որ հաստատվի արդարություն և նրանց կորուստը իզուր չլինի»,- եզրափակել է ԱՄՆ կոնգրեսականը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան