Այդպես տրագեդիկ մի ներկայացրեք, օրհասական վիճակում չենք. Պաշտպանության փոխնախարար
«Ինքս՝ որպես սասունցիների և մշեցիների ժառանգ, այցելել եմ Ծիծեռնակաբերդ այն կարգախոսով, որ մենք պետք է հիշենք և սպասենք այն օրվան, երբ ամբողջ աշխարհը կհասկանա՝ ինչ է ցեղասպանությունը և այլևս չեն կրկնվի նման գործողություններ»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
Նա նշեց, որ այսօր միջազգային հանրությանը հղում ենք մեր հիշողությունը, արդարության վերականգնումը. «Այդ ուղերձը եղել է, կա, մնալու է առհավետ»։
Հարցին՝ նորմա՞լ է, որ ՊՆ գույք է վաճառում, որպեսզի բանակն արդիականացնի, միջոցներ չե՞ն տրամադրվում պետության կողմից, Ա. Սարգսյանը պատասխանեց. «Պետության կողմից անընդհատ միջոցներ տրամադրվում են, իսկ եթե գույքը Հայաստանի գույքն է, ՊՆ գտնում է, որ տվյալ պարագայում որևէ մեկին պետք չէ, գործածելու համար անարդյունավետ է, ի՞նչ անի»։
Պաշտպանության փոխնախարարից նաև հետաքրքրվեցին՝ ի՞նչ է այսօր արվում բանակն ուժեղացնելու համար, երբ օրհասական վիճակում ենք, նա արձագանքեց. «Այդպես տրագեդիկ մի ներկայացրեք, օրհասական վիճակում չենք։ Ամեն ինչ արվում է։ Մեր բարեփոխումներն արդեն մեկնարկել են, այն, ինչ արվում է, արվում է ուժեղ բանակ ունենալու համար։ Արդյունքները կտեսնեք այն ժամանակ, երբ որ կուզեք տեսնել։ Երբեմն մարդիկ կամ քաղաքական ուժեր կան, որոնք չեն ուզում տեսնել»։
Նա ասաց, որ բնագծերի կահավորմանը երկարատև պրոցես է․ «Վերջին պատերազմի հետևանքով սահմանին փոփոխություններ են եղել։ Նոր բնագծեր, նոր զբաղեցրած դիրքեր, դրանք ժամանակ պահանջող պրոցեսներ են։ Դուք տարիներ շարունակ տեսել եք, որ բնագծերը կառուցվել են, վերակառուցվել են, արդիականացվել են։ 1,5 տարվա ընթացքում, եթե մենք համեմատական տանենք, ահռելի աշխատանք է տարվել զինվորների թե սոցիալական, թե այդ անվտանգային խնդիրները լուծելու ուղղությամբ։ Բնականաբար, արդարացի կլինի, եթե ինչ-որ մի տեղ տեսնեն, որ խնդիր կա։ Խնդիրները կարող են լինել։ Ամեն ինչ արվում են»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան