Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցն է
«Ընդհանուր առմամբ աշխարհին հայտնի չէ, որ 1916 թվին նախորդող տարիներին եղել է համաձայնեցված փորձ` բնաջնջել ամբողջ հայ ժողովրդին, հավանաբար ամենամեծ ողբերգություններից մեկը, որ երբեև պատահել է որևէ ազգի հետ: Եվ չեն էլ եղել որևէ նյուրմբերգյան դատավարություններ»,- ասել է ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերը (1978թ. մայիսի 16, Սպիտակ Տան հանդիսություն)։
107 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի իշխանությունների կողմից 1,5 միլիոն հայ է բնաջնջվել, տեղահանվել հայրենիքից: Այսօր Հայաստանը և մարդասեր հանրությունը հարգում է զոհված հայերի հիշատակը: Ապրիլի 24-ը պայմանականորեն է Հայոց ցեղասպանության օր համարվում, քանի որ 1915-ի ապրիլի 24-ին Կոստանդնապոլսում ձերբակալվել է շուրջ 600 հայազգի մտավորական։
Ի՞նչ է Հայոց ցեղասպանությունը
Օսմանյան կայսրությունում և նրան հարակից շրջաններում 1915-1923 թթ. տեղի ունեցած հայերի զանգվածային բռնագաղթը և կոտորածներն ու բռնի կրոնափոխումն անվանում են Հայոց ցեղասպանություն:
Այդ կոտորածները ծրագրվեցին և կազմակերպվեցին Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի, իսկ հետագայում ավարտին հասցվեցին քեմալական կառավարության կողմից:
Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին դրսևորվեց Ֆրանսիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի` 1915թ. մայիսի 24-ի համատեղ հայտարարությամբ, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:
Ինչո՞ւ իրագործվեց Հայոց ցեղասպանությունը
Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին երիտթուրքերի կառավարությունը, ջանալով պահպանել քայքայվող Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի և ազգային միատարր քաղաքականությունը: Այն ծրագրում էր հսկայածավալ մի կայսրության ստեղծում, որը, տարածվելով մինչև Չինաստան, իր մեջ կներառեր Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր բոլոր քրիստոնյա ու իսլամացված և այլ փոքրամասնությունների թրքացում: Հայ բնակչությունը դիտվում էր հիմնական խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին:
1908 թ. երիտթուրքերի հեղափոխության արդյունքում վերականգնված Սահմանադրությունը հավասար իրավունքներ էր սահմանել Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիներին: Հայերը ոգևորությամբ ընդունեցին այս հնարավորությունը, սակայն նախկինում իրավազուրկ հպատակների կարգավիճակի հնարավոր փոփոխությունն էլ ավելի մեծացրեց թուրքերի թշնամանքը քրիստոնյաների հանդեպ: Այդ թշնամանքը ձևավորվել էր վաղուց, քանի որ նույնիսկ իրավազուրկ պայմաններում կայսրության հայ բնակչությունը աննախադեպ հասարակական, մշակութային և տնտեսական զարգացում էր ապահովում:
Ցեղասպանությունը միջոց էր կասեցնելու այդ վերելքն ու ազգային առաջադիմությունը, ինչպես նաև տիրանալու տասնամյակների աշխատանքով ստեղծված հայկական հարստությանը: Թեև Հայոց ցեղասպանությունը ծրագրվել էր դեռևս 1910-1911 թվականներին Սալոնիկում տեղի ունեցած ժողովների ընթացքում, սակայն երիտթուրքերն այն իրականացնելու համար որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմը:
Որքա՞ն մարդ նահատակվեց Հայոց ցեղասպանության ընթացքում
Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էր երկու միլիոնից ավելի հայ: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923 թթ., իսկ մնացյալ հատվածը կա՛մ բռնի կերպով հավատափոխ եղավ, կա՛մ ապաստան գտավ տարբեր երկրներում:
Ցեղասպանության իրագործման կառուցակարգը
Ցեղասպանությունը մարդկանց կազմակերպված բնաջնջումն է` նրանց կոլեկտիվ գոյությանը վերջ դնելու հիմնական նպատակով: Հետևաբար, ցեղասպանության իրագործման համար անհրաժեշտ է կենտրոնացված ծրագիր և դրա իրագործման ներքին կառուցակարգ(մեխանիզմ), ինչն էլ ցեղասպանությունը դարձնում է պետական հանցագործություն. միայն պետությունն է օժտված այն բոլոր ռեսուրսներով, որոնք կարելի է օգտագործել այս քաղաքականությունն իրականացնելու համար:
Հայոց ցեղասպանության իրագործման առաջին փուլը մոտ 60.000-100.000 հայ տղամարդկանց զորակոչն էր օսմանյան բանակ, նրանց զինաթափումն ու սպանությունը թուրք զինակիցների կողմից: 1915թ. ապրիլի 24-ին սկսված ձերբակալությունը (հիմնականում Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) և դրան հետևած գավառային հարյուրավոր հայ մտավորականների ու ազգային ընտրանու ոչնչացումը հայ բնակչության բնաջնջման երկրորդ փուլն էր: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
Ցեղասպանության երրորդ փուլը նշանավորվեց կանանց, երեխաների, ծերերի տեղահանությամբ ու ջարդերով, դեպի սիրիական անապատ: Տեղահանության ընթացքում հարյուրհազարավոր մարդիկ սպանվեցին թուրք զինվորների, ոստիկանների, քրդական ավազակախմբերի ու տեղի բնակչության կողմից, մյուսները մեռան սովից, համաճարակային հիվանդություններից: Հազարավոր կանայք ու երեխաներ ենթարկվեցին բռնության: Տասնյակ հազարավոր մարդիկ բռնի կերպով հավատափոխ եղան` դառնալով մուսուլման:
Հայոց ցեղասպանության վերջին փուլը իր իսկ հայրենիքում կատարված հայ ժողովրդի ցեղասպանության համընդհանուր և բացարձակ ժխտումն է թուրքական կառավարության կողմից: Չնայած Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման շարունակվող գործընթացին` Թուրքիան շարունակում է ամեն կերպ պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, պատմության նենգափոխման, հակահայ քարոզչության, քաղաքական և տնտեսական, լոբբինգի և այլ միջոցներով:
Ցեղասպանություն տերմինը 1944-ին շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ, քրեական և միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Ռաֆայել Լեմկինը: Հոլոքոստը վերապրած Լեմկինն այս տերմինով ցանկանում էր նկարագրել համակարգված սպանությունների և բռնությունների նացիստական քաղաքականությունը, ինչպես նաև` 1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագությունները:
«Ցեղասպանություն»` «գենոցիդ» տերմինը գոյացել է հունարեն γένος-ռասա կամ ցեղախումբ և լատիներեն caedo-սպանել բառերի համակցումից: 1945-ին, երբ Նյուրնբերգի միջազգային ռազմական տրիբունալը նացիստական ղեկավարությանը դատապարտեց մարդկության դեմ իրագործված հանցագործությունների մեջ, «ցեղասպանություն» բառը ներառվեց դատավճռում, սակայն որպես նկարագրական, այլ ոչ թե իրավական եզրույթ:
Այժմ, պատմական նոր ժամանակներում ժամանակակից Թուրքիան չի ընդունում նախորդների կատարած ոճրագործությունը քրիստոնյա ժողովրդի հանդեպ և ավելին, հերքում է, որ կատարվածը ցեղասպանություն է:
Բազմաթիվ երկրներ, կազմակերպություններ ճանաչել ու դատապարտել են Հայոց ցեղասպանությունը։
«Ո՞վ կարող է նկարագրել այն զգացումները, որ ականատեսն է ապրում, երբ նա մտածում է այդ հերոսական և դժբախտ ազգի մասին: Նրա քաջությունն ու ոգին զարմացնում են աշխարհին: Ազգ, որ երեկ Օսմանյան Կայսրության ամենաեռանդուն և առաջադեմ ազգերից մեկն էր, հիշողություն է դառնում»,- ասել է արաբ հրապարակախոս, փաստաբան Ֆայեզ ալ Ղուսեինը (1917)։
Գոյություն ունեն Հայոց ցեղասպանությանը վերաբերող բազմաթիվ լուսանկարներ, որոնք ներառված են աշխարհի տարբեր, մասնավորապես` Ռուսաստանի, Գերմանիայի, Ավստրիայի, ԱՄՆ-ի, Նորվեգիայի, Հայաստանի և այլ պետությունների արխիվներում: Հաշվի առնելով ողբերգական իրադարձությունների ժամանակաշրջանը, երբ ոչ բոլորին էր հասանելի ֆոտոխցիկը, մասնավորապես խոսքը գնում է պատերազմական շրջանում հիմնական քաղաքային կենտրոններից հեռու գտնվող վայրերի մասին, այդ լուսանկարները հանդիսանում են հայ ժողովրդի ողբերգության ամենակարևոր ապացույցը: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքական կառավարությունը խստիվ արգելել էր լուսանկարել տեղահանված հայերին ու մահվան երթերի ժամանակ սպանվածների կամ մահացածների մարմինները: Ինչևէ, գոյություն ունեն Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարյուրավոր լուսանկարներ, որոնք «20-րդ դարի գաղափարախոսությամբ խթանված առաջին ցեղասպանության» հիմնական տեսանելի աղբյուրներն ու ապացույցներն են: Ամեն տարի տարբեր աղբյուրներից նորանոր ֆոտոնյութեր են ի հայտ գալիս:
Տեղեկատվությունը և լուսանկարները՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքից։
Հարակից հրապարակումներ`
- Ղամբարյան. Ցանկացած իշխանության արգելվում է համաձայնել Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջից հրաժարվելու նախապայմանին
- Այս իշխանությունների համար Հայոց ցեղասպանության հարցը վաղուց փակված է. Վարուժան Գեղամյան
- Մարաղայի կոտորածից անցել է 30 տարի
- 7-րդ սերնդի հայեր են, բայց ունեն թուրք-ադրբեջանական ցեղասպանական կողմնորոշում.Լարիսա Ալավերդյան
- Սումգայիթի ջարդերից անցել է 34 տարի
- Բաքվում հայերի ջարդերի մասին հոդված՝ CNN.gr -ում
- Արցախի ԱԳՆ-ն՝ Մարաղայի ջարդերի մասին. Մարդկության դեմ ուղղված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն
- Սումգայիթի վերապրած. Աչքիս դեմն է, թե ինչպես երկու ամսական երեխային այրեցին գազօջախի վրա
- ԵԽԽՎ մի շարք պատգամավորներ միացել են Բաքվի հայերի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված հայտարարությանը
- Իմ հարազատները ջարդերի արդյունքում ցրվել և այժմ ապրում են տարբեր երկրներում, և մենք միմյանց չենք ճանաչում.Աննա Աստվածատուրյան
- Էլիբեգովա. Չունենք որևէ երաշխիք, որ Ադրբեջանը փորձ չի անի կրկնել Բաքվի ջարդերը
- Աղոթք Սուրբ Գայանեում՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով
- Արցախի ՄԻՊ. Միջազգային հանրությանը պետք է գնահատական տա Մարաղայի հանցագործություններին
- «Մարաղայի կոտորածն իրագործողներից մեկն ապրում է Շվեդիայում»
- Բաքվի ջարդերը պետք է որակվեն ցեղասպան գործողություններ. Աշոտ Մելքոնյան
- Ամերիկահայ գրողը պատմում է Բաքվի ջարդերի մասին իր հուշերը
- Լարիսա Ալավերդյանը՝ Բաքվի ջարդերի մասին
- Ցեղասպանության անպատժելիությունը հանգեցնում է նոր ցեղասպանական գործողությունների նաև այսօր
- Մարաղայի ջարդերի ականատեսների վկայություններ
- Բաքվի ջարդերի 25-ամյա տարելիցին նվիրված միջոցառում Բաթումում
- «Բաքվի ջարդերի 25-րդ տարելիցի կապակցությամբ կյանքի կկոչվի լայնածավալ նախագիծ»
- Ծաղիկներ Ծիծեռնակաբերդում. «Սումգայիթում սովորական ցեղասպանություն էր»
- Ղարաբաղը և Թուրքիայի ցեղասպանական փորձերը
- «Սովորական ցեղասպանություն» նախագիծ. պատրաստվում է ֆիլմ «Oղակ» (Կոլցո) գործողության 20-ամյակի կապակցությամբ
- Ճշմարտության մասին պատմող ֆիլմեր. «Բաքու, հունվար` 1990. Սովորական Ցեղասպանություն» և «Սումգայիթ, փետրվար՝ 1988»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան