1988 թվականից ցայսօր հայ ժողովուրդը բազմիցս առերեսվել է ցեղասպան քաղաքականության դրսևորումների. Արցախի ԱԳՆ
Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ.
«Այսօր ողջ հայ ժողովուրդը և առհասարակ մարդասիրական գաղափարներ կրող բոլոր մարդիկ աշխարհի տարբեր մասերում ոգեկոչում են 1915 թվականի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։
107 տարի առաջ՝ ապրիլի 24-ին, Օսմանյան կայսրությունում ծրագրվեց և իրագործվեց 1,5 մլն հայերի ցեղասպանություն։ Հարյուր հազարավոր հայեր տարագիր դարձան՝ հաստատվելով տարբեր երկրներում և այդպիսով ձևավորելով հայկական մեծաթիվ Սփյուռք։
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ընթացքում պետական մակարդակով իրականացված առաջին ցեղասպանությունն էր։ Այնուհետև Թուրքիան իրականացրեց նաև հույների, ասորիների, եզդիների, քրդերի ցեղասպանություններ և բռնի տեղահանություններ, ինչի հետևանքով զոհվեցին միլիոնավոր անմեղ մարդիկ։
Միջազգային հանրության ոչ պատշաճ և ուշացած գնահատականներն, ըստ էության, նոր ոճիրներ իրականացնելու քարտ-բլանշ դարձան ոչ միայն Թուրքիայի, այլ նաև ուրիշ պետությունների համար։ Դրանից օգտվեցին նացիստները, բռնապետական և ազգայնամոլական ռեժիմները՝ իրականացնելով նորանոր ցեղասպանություններ, կոտորածներ և բռնություններ։
107 տարի հետևողականորեն ժխտելով հայոց ցեղասպանությունը և ջանալով չեզոքացնել միջազգային հանրության կողմից դրա ճանաչման ցանկացած փորձ՝ Թուրքիան ու Ադրբեջանը առ այսօր չեն դադարեցնում իրենց ոճրագործ քաղաքականությունը հայերի նկատմամբ։
1988 թվականից ցայսօր հայ ժողովուրդը բազմիցս առերեսվել է ցեղասպան քաղաքականության դրսևորումների․ հայ ազգաբնակչության ջարդերը և զանգվածային սպանությունները Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում, 2016 և 2020 թթ․ Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիան մարդատյացության վառ օրինակներ են։
Մեծ եղեռնը չսպիացող վերք է մեզ համար։ Այն նաև քաղաքական, իրավական և բարոյական խարան է միջազգային հանրության վրա, որը կարելի է ջնջել միայն Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման և դատապարտման միջոցով»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան