Ջո Բայդեն. Մենք ճանաչում ենք հայերի ցավն ու հարգում նրանց պատմությունը
Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ Նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը Հայոց հիշատակի օրվա կապակցությամբ։
Հայտարարության մեջ ասված է.
«1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան իշխանությունները Կոստանդնուպոլսում ձերբակալեցին հայ մտավորականությանը և հասարակական գործիչներին։ Այսպիսով սկսվեց Հայոց ցեղասպանությունը՝ 20-րդ դարի վատթարագույն զանգվածային կոտորածներից մեկը: Այսօր մենք հիշում ենք մեկուկես միլիոն հայերին, ովքեր բռնագաղթվել, կոտորվել կամ մահվան են մատնվել բնաջնջման գործողությունների ժամանակ, սգում ենք այդքան շատ կյանքերի ողբերգական կորուստը։
Խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ մենք վերահաստատում ենք մեր խոստումը՝ զգոն լինել ընդդեմ ատելության կործանարար ազդեցության՝ իր բոլոր դրսևորումներում։
Մենք վերստին պարտավորվում ենք խոսել և դադարեցնել կոտորածները, որոնք աշխարհի վրա մնայուն սպիներ են թողնում։
Միևնույն ժամանակ, սգալով այն ամենի համար, ինչ կորցրեցինք Մեծ Եղեռնի ընթացքում, մենք պետք է կրկնապատկենք մեր ջանքերը՝ ապաքինելու և կառուցելու ավելի լավ, ավելի խաղաղ աշխարհ, ինչպիսին ցանկանում ենք մեր երեխաների համար։
Աշխարհ, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, որտեղ մոլեռանդության և անհանդուրժողականության չարիքներով չի նշանավորվում մեր ամենօրյա կյանքը, և որտեղ մարդիկ ամենուր ազատ են իրենց կյանքն ապրելու արժանապատիվ ու անվտանգ:
Սա նաև պահ է՝ խոսելու հայ ժողովրդի ուժի և տոկունության մասին: Ցեղասպանությանը դիմանալուց հետո հայ ժողովուրդը վճռական էր՝ վերակառուցելու իր համայնքն ու մշակույթը, շատ հաճախ արդեն նոր տանն ու երկրում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում։
Ամերիկայի հայերը Միացյալ Նահանգների կենսական մասն են։ Նրանք մեր երկիրն ավելի ուժեղ ու դինամիկ են դարձնում՝ անգամ շարունակելով կրել ողբերգական հիշողությունն այն մասին, թե ինչ էին ստիպված վերապրել իրենց նախնիները։ Մենք ճանաչում ենք նրանց ցավն ու հարգում նրանց պատմությունը:
Այսօր՝ 107 տարի անց, հայ ժողովուրդը շարունակում է հարգանքի տուրք մատուցել բոլոր հայերին, ովքեր զոհվեցին ցեղասպանության ժամանակ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան