Անժելա Էլիբեգովա. Գրագետ աշխատանքի դեպքում Ցեղասպանություն ճանաչած երկրները կարձագանքեին 44-օրյա պատերազմին
«Զարեհ Սինանյանի ասելիքից ակնհայտ է, որ նա կոմպետենտ չէ և պատկերացում չունի իր գործառույթների էության մասին»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ արձագանքելով Ցեղասպանության 107-րդ տարելիցի օրը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հայտարարություններին։
Հիշեցնենք, որ Սինանյանն ասել էր՝ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչինչ չի տվել Հայաստանին։
«Եկեք տեսնենք, թե Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումից ինչ ենք շահել մենք։ Եկեք, նայենք 2020թ. 44-օրյա պատերազմին ու հասկանանք, ի՞նչ հավելյալ արժեք տվեց Հայաստանին, որը չէր լինի, եթե ճանաչումը չլիներ։ Ես չտեսա։ Ես ցեղասպանության ճանաչման գործընթացներում շատ ակտիվ եմ եղել երկու տասնամյակ, բայց պատասխանատու կերպով ասում եմ՝ ես արդյունքները չտեսա»,-ասել է Սինանյանը։
Անժելա Էլիբեգովան Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծած պատերազմի ընթացքի, արդյունքների վերաբերյալ միջազգային հանրության լռությունը պայմանավորում է նաև իշխանությունների անգործությամբ։
«Չգիտեմ, ինչու ենք ստիպված այսքան պարզ բաներ բացատրել Սփյուռքի հարցերով հանձնակատարին, բայց միջազգային ճանաչումը տալիս է քարոզչական, դիվանագիտական և քաղաքական գործիքներ, որոնք պետք է ունակ լինել օգտագործել։ Եթե իրենց թիմը այդ աշխատանքը տապալել է, պարզ է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում չեն տեսել արդյունք»,-ընդգծեց նա։
Փորձագետի խոսքով, մինչդեռ գրագետ աշխատանքի, խորհրդարանական դիվանագիտական ակտիվ աշխատանքի արդյունքում կարելի էր օգտագործել հայկական սփյուռքի և Ցեղասպանության հարցում հայամետ դիրքորոշում ունեցող քաղաքական գործիչների ռեսուրսը աշխարհին իրազեկելու, որ Ադրբեջանը և Թուրքիան իրենց ցեղասպանական պլաններից չեն հրաժարվել և Արցախում գոյամարտ է գնում։
«Արե՞լ են, ոչ։ Իսկ այն, որ Արցախում Ադրբեջանն իրականացնում էր և այսօր էլ իրականացնում է ցեղասպան քաղաքականություն, փաստում են, այդ երկրի ռազմական հանցագործությունները»,-ասաց Էլիբեգովան։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին