Պետք է ցույց տալ աջակցություն համաժողովրդկան շարժմանը․ Արթուր Վանեցյան
«Մենք օր օրի ավելանում ենք և հասկանում ենք, որ շատ կարճ ժամանակ հետո ազատվելու ենք այս իշխանություններից և հասնելու ենք մեր հիմնական նպատակին։ Այն է՝ ունենալ հզոր հայրենիք ՝ Արցախ և Հայաստան։ ես չեմ պատկերացնում հայի, որ չի կիսում այս գաղափարը»,- Ազատության հրապարակում հայտարարեց Հայրենիք կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Նա նշեց, որ այսօր եղան ինքնաբուխ բողոքի ակցիաներ։ Այս համատեքստում դիմելով երիտասարդներին , մասնավորաես՝ ուսանողներին, Վանեցյանն ասաց․
«Սիրելի ուսանող, դու ես այս երկրի տերը, դու ես որոշելու,թե ինչ երկրում պետք է ապրենք։ Դու ես որոշելու ունենալու ենք պետություն, թե՞ ոչ, դու ես որոշելու հայի արժանապատվությունը վերականգնվելու է,թե՞ ոչ։
Սիրելի երիտասարդներ, ուսանողներ, անկախության սերնդի մեր հայրենակիցներ, միացեք մեր պայքարին, ինքնակազմակերպվեք, դուրս եկեք փողոց և ասեք, որ համաձայն չեք մեր հայրենիքը մաս-մաս հանձնելուն, ծնկած ապրելուն։ Հայի արժանապատվությունը ոչ ոք չի կարող խլել»։
Արթուր Վանեցյանը նաև ընդգծեց, որ մեր ազգը զարթնում է և իրապես պայքարելու է իր իրավունքների և հայրենիքում անվտանգ ապրելու համար։
Ամփոփելով այս օրերին իրականացրած պայքարը, Արթուր Վանեցյանը նշեց․
«Մենք փաստեցինք մի բան, որ մեր 30 տարիների ընթացքում նահատակված հերոսներն իրենց ամենաթանկն իզուր չեն տվել ամենաթանկին, կյանքը՝ հայրենիքին, որ ինչ-որ մեկը մի գրչի հարվածով որոշի։ Հիմա Ազատության հրապարակում հավաքվել են մարդիկ, որոնք պատրաստ են պայքարին՝ մինչև վերջ, մինչև հաղթանակ»։
Վանեցյանի խոսքով ՝ պետք է ցույց տալ աջակցություն համաժողովրդկան շարժմանը։
«Եթե դուք տեսնում եք Երևանում, մարզերում համազգային շարժմանը միացած քաղաքացիներին, ողջունեք՝ ավտոմեքենաների ազդանշաններով, լուսամուտներից ու պատշգամբներից, ողջունեք սոցիական ցանցերում և ցույց տվեց, որ մեր ազգը միասնական է այս պայքարում»,- ասաց նա և հայտարարեց, որ դուրս են գալիս իրազեկման երթ անցկացնելու։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան