Այլևս մերկ են մեր բազուկները, այլևս մեր հոգին մերկ է, բաց է աշխարհի առաջ և մենք պիտի մեր պատերազմը հաղթենք. Արփեն Մովսիսյան
«Մենք այսօր շրջադարձային փոլում ենք, քանի որ հանդիպում ենք այնպիսի դժվարությունների, որ ստիպված իրոք շրջադարձեր ենք կատարում, կա՛մ հաջողում ենք, կա՛մ չենք հաջողում, բայց ի վերջո պետք է հաջողենք»,-մամուլի ասուլիսում հայտարարեց մշակույթի վաստակավոր գործիչ Արփեն Մովսիսյանը:
Նրա խոսքով՝ իրեն մտատանջում էին Չարենցի տողերը.
«Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով-
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով…»:
«Պատկերացնում ե՞ք, ուրեմն մենք պետք է այդ ցուպը վերցնենք և օտար քաղաքների ճնապարհով ո՞ր հանգրվանին հասնենք, կամ չհասնենք: Մենք իսկապես այն ժողովուրդն ենք, որ կարող է իր երկիրը բացառապես ազատել չար ուժերից, մոգերից, կանգնել շիտակ հողի վրա, և՛ ապրել, և՛ արարել, և՛ որդիներ ծնել: Այս և էլի շատ մտորումներ են ինձ այս պահին հետապնդում, կարծում եմ, որ այսպես կոչված, մեր ղեկավար վարչապետը բավականին ողբերգական հանգրվանի է մեզ հասցերլ:
Ես տանը հաշվարկ արեցի և տնեցիներին հարցրեցի, թե վերջիվերջո որքա՞ն հող ենք տվել թշնամուն, ասացին՝ Լիբանանի չափ մի երկիր, 10 հազար քառակուսի կիլոմետր: Ես մինչ այդ ուշադրություն չէի դարձրել, մատծում էի՝ կտոր-կտոր տալիս են, գուցե հետ վերցնեն: Բայց սա արդեն նշանակում է, որ երկիրը հանձնվել է: Ուր ենք գնում այդպես պապանձված»,-ասաց մշակույթի վաստակավոր գործիչը:
Վելուծելով իշխանության շրջանառած խաղաղության թեզի ենթատեքստը՝ Արփեն Մովսիսյանն ասաց. «Ո՞րն է այդ խաղաղության գինը: Միթե՞ որևէ մեկը հավատում է, կամ միթե՞ իրենք հավատում են դրան: Ո՛չ, չեն հավատում: Նրանք պարզապես ինչ-որ մի շահ ունեն այս պահին հենց դրանից էլ ուզում են օգտվել և հենց դրա համար էլ պնդում են այս անցումը: Ուզում են օգտվել, օգտաշահի գործ է երևի այս պահին իրենց համար»:
Բանախոսը տեղեկացրեց, որ հազարավոր ֆիլմերի հեղինակ է և դրանք ժամանակին զարդարել են Հանրային հեռուստատեսության եթերը, տպավորիչ մուտք է ունեցել հեռուստատեսություն և մեծ ընդունելության արժանացել, բայց վերջերս Հանրային հեռուստատեսության 65 ամյակի միջոցառմանը իրեն և իր սերնդակիցներից ոչ մեկին չեն հրավիրել, այն դեպքում երբ ինքը 40 տարի աշխատել է այնտեղ:
Արփեն Մովսիսյանը նկատեց, որ նման շատ անպատիվ բաներ են կատարվում Հայաստանում և հույս հայտնեց, որ կգա շրջադարձի պահը, որ կթոթափի մարդկանց հոգսերը և նրանք, պոկելով իրենց շղթաներն, ազատ կքայլեն:
«Մեր անցած ճանապարհը, որը դասական է, խորագնա է, որևէ մի ժողովրդի անցած ճանապարհի հետ չես կարող շփոթել, համեմատել, որովհետև շատ ավելի հին ենք, շատ ավելի կարևոր ենք այս մոլորակի համար, քան որևէ մի այլ ազգ: Որովհետև ավելի բարի և անաչառ ժողովուրդ էս աշխարհի երեսին չեմ տեսել: Մենք իրավունք չունենք այս ամենին կուլ գնալ, մեզ կդատապարտեն:
Ես հենց հիմա խոսում եմ և իմ աչքերի առաջ Գրիգոր Զոհրապն է, Րաֆֆին է… Գրիգոր Զոհրապն ասում է՝ «Որի՞ թողում այս անգլուխ ժողովուրդն…»: Այս միտքն ինձ դադար չի տալիս անվերջ կարծես այդ միտքն իմ, ձեր մյուսի մտքին է և, անշուշտ, այդպես է:
Այլևս մերկ են մեր բազուկները, այլևս մեր հոգին մերկ է և բաց է աշխարհի առաջ և մենք պիտի մեր պատերազմը հաղթենք: Բնավ նկատի չունեմ այն պատերազմը, որ պետք է զոհեր փռի հայրենի հողի տարբեր եզերքներում: Ո՛չ: ես ուզում եմ, որ մենք իսկապես կանգնենք ամուր՝ մեր բռունցքը սեղմած և որևէ մեկին, թեկուզ լինի մեր ազգակիցը, թույլ չտանք, որպեսզի մեզ այս վիճակի հասցնի»,-հայտարարեց մշակույթի վաստակավոր գործիչը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները