Եթե իրոք արժեք է Հայաստանն ու Արցախը, ապա սկսեք ինքներդ ձեր նախաձեռնությունը․ Վարուժան Գեղամյան
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․
«Քաղաքականության վերաբերյալ իմ կարմիր գծերը հետևյալն են.
- Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում,
- Հայաստանի պետականությունը անսակարկելի արժեք է,
- Հայաստանի տարածքային ամբողջականությունը անձեռնմխելի է,
- Հայկական պետության իմաստը իր պատմական հայրենիքում հայ ազգի շարունակական ներկայության ապահովումն ու այդ ներկայության ընդլայնումն է։
Այսօր ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանությունը ոչ միայն ունակ չէ նշված որևէ կետի իրականացումը ապահովել, այլ ավելին՝ հայտարարում է, որ չի էլ պատրաստվում իրականացնել։
Խախտվել է հայկական պետություն-հայ ազգ հասարակական պայմանագիրը, որովհետև մենք գործ ունենք կոլաբորացիոնիստական (այսինքն թշնամու հետ համագործակցող) իշխանության հետ։
Եթե ձեզ համար էլ վերևում նշվածները բացարձակ արժեք, ապա ժամանակն է, որ դուք էլ դուրս գաք պայքարի։
ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Այսօր ընդդիմությունը չունի առաջնորդ։ Չի էլ կարող ունենալ, քանի որ բոլոր հնարավոր առաջնորդները նիկոլական քարոզչության կողմից արագորեն պիտակավորվում են ու ապալեգիտիմացնում։ Ուստի մեր՝ ներկայիս իշխանությանը չհանդուրժողներիս գործը պետք է լինի ոչ թե միավորվել որևէ առաջնորդի շուրջ, այլ վերևում նշված արժեքների։
Եթե իրոք արժեք է Հայաստանն ու Արցախը, ապա սկսեք ինքներդ ձեր նախաձեռնությունը, արեք ձեր հրապարակային քայլը, ձևակերպեք պայքարի ձեր տարբերակը։ Ազատության հրապարակում տարբեր խմբեր կան, դուք էլ ձևավորեք ձերը, տեղում խոսեք, քննարկեք, բանակցեք։ Բայց մի՛ արդարացրեք թուրքամետ իշխանության գոյությունը այն հանգամանքով, որ չեք հավանում «սրան կամ նրան»։ Ես լինում եմ գրեթե բոլոր ակցիաներին, լսում ու խոսում ընդդիմության բոլոր ներկայացուցիչների հետ։ Իմ խնդիրը, որ վերևում նշվածը դառնա քաղաքական օրակարգ։ Օգնե՛ք, որ միասին ձևակերպենք։
Մենք նստած ենք նույն «խրամատում», իսկ թշնամին շատ հստակ է՝ Թուրքիան և Ադրբեջանը, որին օժանդակում է կապիտուլիանտական թուրքամետ խմբավորումը։ Իսկ խրամատում նստած՝ չեն նայում, թե կողքինը գեղեցիկ է, թե ոչ։
Նայում են բացառապես առաջ... »