Ժողովուրդը եթե դուրս եկավ ու կանգնեց փողոցում, որևէ իշխանություն չի կարող նրա կամքին հակառակ քայլ անել. Վանեցյան
«Ապրիլի 23-ին կայացած Ջահերով երթն աննախադեպ էր իր մասնակցությամբ։ 60 հազար և ավելի մարդ է մասնակցել։ Դա տեսակի ու աշխարհընկալման երթ էր։ 60 հազարից ավելի մարդ միացել էր՝ ցույց տալու, որ համաձայն չեն այսօրվա վիճակի հետ ու պատրաստ են ակտիվ գործողություններով մեր երկրին այս խայտառակ իրավիճակից հանել»,- Ազատության հրապարակում լրագրողներին ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ընդդիմադիր պատգամավոր Արթուր Վանեցյանը, ով ապրիլի 17-ին հայտարարել էր անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին՝ գիշերելով Ազատության հրապարակում։
Նա հայտարարեց, որ այսօրվանից սկսվում է իրենց պայքարի երկրորդ փուլը, որը լինելու է ավելի ակտիվ, շարունակելու են իրազեկման շուրջօրյա ակցիաները, որպեսզի ավելի շատ մարդկանց կարողանան հանել փողոց, մարդկանց հասկացնեն, որ այս իշխանությունները երկիրը տանում են կործանման։
«Իսկ եթե քաղաքացին հասկացավ, որ ինքն է որոշողը, թե ինչպիսի Հայաստան, Արցախ պետք է ունենանք վաղը, որևէ իշխանություն, որևէ ուժ չի կարող ժողովրդի կամքին հակառակ որևէ քայլ անել։ Երկրորդ փուլի նպատակն այդ մարդկանց համոզելն է, խնդրելը, որ լինեն մեզ հետ»,- ասաց Ա. Վանեցյանը։
Նա ողջունեց այսօրվանից ընդդիմադիր գործընկերների մեկնարկած երթը Իջևանից, առհասարակ ողջունում է բոլոր պետական ու ազգային մտածելակերպ ունեցող ուժերին, ովքեր սկսել են ակցիաներ, նաև այն քաղաքացիներին, որոնք որևէ քայլ կանեն ցույց տալու, որ համաձայն չեն այսօրվա իշխանությունների կողմից վարվող քաղաքականության հետ։
«Երբ ես միայնակ եկա Ազատության հրապարակ, ես ասացի, որ մեր պայքարը պետք է լինի ապակենտրոն, ցանցային, բայց ինչ-որ մի կետում, ինչ-որ մի օր անպայման հատվելու ենք, քանի որ նպատակը մեկն է, նպատակը հանուն մեր երկրի անվտանգության է, հանուն Արցախի ու Հայաստանի է, հանուն արժանապատիվ ապրող քաղաքացու է։ Կարծում ենք, որ առանց իշխանափոխության մենք չենք հասնի այդ նպատակին»,- ասաց ընդդիմադիր գործիչը՝ հավելելով, որ իրենք տանում են խաղաղ, առանց օրենքի խախտումների պայքար։
Նա նշեց, որ եթե իշխանությունն անհամաչափ ուժ փորձի կիրառել ակցիաների մասնակիցների նկատմամբ, իրենց կողմից լինելու է արձագանք. «Իշխանություններն են պատասխանատվություն կրելու Երևանում ու մարզերում օրինականախությունը պահպանելու համար։ Դա իրենց պարտականությունն է։ Մեր կողմից, վստահաբար ասում եմ՝ որևէ ապօրինություն չի լինելու, որևէ ռադիկալ քայլ՝ քանդել, ջարդել, այրել, չենք անելու, լինելու են քաղաքացիական անհնազանդության ակցիաներ, որը քաղաքացու իրավունքն է»։
Արթուր Վանեցյանը համոզված է, որ հանգիստ քաղաքացիական անհնազանդության ակցիաներով կհասնեն իրենց նպատակին։
«Ժողովուրդը եթե ուղղակի դուրս եկավ ու կանգնեց փողոցում, ոչ մի իշխանություն չի կարողանալու դիմակայել ժողովրդի կամքին։ Ապակենտրոն, ցանցային պայքարի նպատակը, թվացյալ փոքր խմբերով, բայց ի վերջո դառնալու է ժողովրդի մեծ բողոքի ձայն, որն անպայման լսելի է լինելու, անհնար է դրանից խուսափել։
Սակայն, հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, այս հարցը միայնակ, 2-3 քաղաքական ուժերի հարց չէ, որ կարող են լուծել, պետք է լինի համազգային, բոլոր գիտակից, գրագետ, պրոֆեսիոնալ ուժերի համախմբում, այդ թվում սփյուռքի ակտիվ մասնակցություն։ Համոզված եմ, վստահ եմ մեր հաղթանակի մեջ, քանի որ մեր պայքարն արդար է, մեր հայրենիքի համար է»,- ասաց նա։
Ա. Վանեցյանի խոսքով, Հայաստանում այսօր մի տարօրինակ իրավիճակ է ստեղծած, երբ ընդդիմադիր դաշտում գործող ուժերն ավելի մեծ կադրային բազա ունեն, քան իշխանությունը. «Մեր կողքի մարդիկ, մեզ հավատացող, սատարող, մեր թիմակից մարդիկ ավելի պրոֆեսիոնալ են ու ավելի շատ, քան այսօրվա իշխանությունները»։
Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ շարունակելու է մնալ Ազատության հրապարակում։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Սիրելի երիտասարդ, արի հրապարակ, միասին որոշենք, թե ինչպիսի երկիր ենք մենք ունենալու
- Իջևանից Երևան կշարժվեն Գեղամ Նազարյանը, Ասպրամ Կրպեյանն ու մի խումբ տավուշցիներ
- Վանեցյան. Ունենք գրեթե 100 տոկոսանոց արդյունք
- Մեկնարկում է Արթուր Վանեցյանի սկսած բողոքի հավաքների երկրորդ փուլը, լինելու ենք առավել վճռական. Արսեն Բաբայան
- Առավոտյան Իջևանից Հայաստանի արժանապատիվ քաղաքացիները կսկսեն իրենց երթը դեպի Երևան. Իշխան Սաղաթելյան
- Մեր պետության շահերը պաշտպանելու համար որևէ ուղղորդվածություն պետք չէ. Վանեցյան
- Մենք չհաջողելու հնարավորություն չունենք. Արթուր Վանեցյան
- Վանեցյան. Ապրիլի 25-ից սկսելու ենք ակտիվ գործողությունների շրջան
- Արթուր Վանեցյան. Իշխանությանը չի հաջողվելու շարժումը կասեցնել
- Գալիս են մարդիկ, որոնք ունեն այլ քաղաքական հայացքներ, բայց այստեղ մենք պայքարում ենք «հանունի» համար. Վանեցյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան