Իրաքի Քուրդիաստանի շրջանի պատվիրակությունը՝ Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներին
Հայոց ցեղասպանության ոգեկոչման առիթով Երևան ժամանած՝ Իրաքի Քուրդիստանի շրջանի «Քուրդ-հայկական բարեկամության» կազմակերպության ղեկավար Հեմն Մամրաշը, Քուրդիստանի «Հայրենասիրական միություն» կուսակցության ղեկավար տիկին Շիրա Օմերը, Ցեղասպանության հարցով «Բարան» (PUK) կազմակերպության ղեկավար Արամ Մուհամեդը վերոնշյալ կազմակերպությունների անդամների հետ ապրիլի 25-ին հանդիպեցին ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի Կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի, ՀՀ ԱԺ «Հայաստան խմբակցության ՀՅԴ անդամներ, «Հայաստան-Իրաք» բարեկամական խմբի անդամներ Գեղամ Մանուկյանի և Թադևոս Ավետիսյանի հետ։ Այս մասին հայտնում են ՀՅԴ գրասենյակից։
«Կողմերը քննարկել են աշխարհաքաղաքական վերջին զարգացումները, տարածաշրջանային անվտանգությանը, հայ-քրդական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Հատուկ ուշադրություն է հատկացվել միջկուսակցական հարաբերությունների զարգացմանը, որի համար լավ հիմք կարող է ծառայել Սոցինտերնի հարթակում արդեն իսկ ձեւավորված՝ ՀՅԴ կուսակցության և վերոնշյալ քրդական կազմակերպությունների բարեկամության շրջանակը»,- ասվում է հաղորդագրությունում։