Կապանում սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Ն. Խաչատրյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Սյունիքի մարզ, ք. Կապան) և պարզել, որ այն գործում է սանիտարահիգիենիկ սահմանված նորմերի կոպիտ խախտումներով:
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ արտադրական տարածքի պատերը, առաստաղը սևացած են եղել, չեն եղել օժանդակ և կենցաղային տարածքներ, խաչվել են հումքի, պատրաստի արտադրանքի, անձնակազմի և հաճախորդների հանդիպակաց ուղիները, ինչը նպաստում է խաչաձև աղտոտմանը, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու համար, իսկ սննդի շղթայում ներգրավված անձը չի անցել նախնական և պարբերական բժշկական զննություններ, չի ունեցել սանիտարական գրքույկ:
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ անհատ ձեռնարկատեր Ն. Խաչատրյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումների վերացման ժամկետ: