Ուկրաինայի 120 քաղաքացի դիմել է ՀՀ Միգրացիոն ծառայություն` փախստականի կարգավիճակ ստանալու համար
Ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում՝ փետրվարի 24-ից մինչ օրս, Ուկրաինայի 120 քաղաքացի դիմել է Միգրացիոն ծառայություն՝ Հայաստանում ապաստանի իրավունք և փախստականի կարգավիճակ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ի թղթակցին հայտնեց Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը։
Նրա խոսքով՝ դիմողների մեծ մասն ազգությամբ հայ են։
«Դեռևս չունենք ավարտված գործ, դա նշանակում է, որ որևէ մեկին դեռ փախստականի կարգավիճակ չի տրվել, սակայն ակնհայտ է, որ նրանց փախստականի կարգավիճակ շնորհելու բոլոր հիմքերը կան»,- ասաց Նելլի Դավթյանը՝ հավելելով, որ ներկայացված հայցերը կքննվեն 3 ամսվա ընթացքում։
Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատուն նշեց, որ Ուկրաինայի քաղաքացիներին կարող են կացարանով ապահովել, սակայն 120-ից որևէ մեկը չի ցանկացել օգտվել այդ հնարավորությունից։
Ըստ նրա՝ եղել են նաև դեպքեր, երբ ազգությամբ հայ Ուկրաինայի քաղաքացիները դիմել են Միգրացիոն ծառայությանը, որպեսզի իրենց աջակցությամբ գան Հայաստան, միջազգային գործընկերների օգնությամբ կարողացել են օդանավի տոմսերի հարց լուծել, բայց վերջին պահին թռիչքից հրաժարվել են՝ մտածելով, որ հնարավոր է իրավիճակը Ուկրաինայում կայունանա։ «Խոսքն այն ընտանիքների մասին է, որոնք կարողացել են հասնել Ուկրաինային հարևան որևէ եվրոպական երկիր»,- նշեց Նելլի Դավթյանը։
Հարցին՝ տվյալներ ունեն, թե ռուս-ուկրաինական համակամարտությունից հետո քանի ռուսաստանցի է եկել Հայաստան, Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատուն հայտնեց, որ 2022 թվականի առաջին եռամսյակում Հայաստան է մուտք գործել 142 հազար 117 ՌԴ քաղաքացի, իսկ ելքը կազմել է 138 հազար 111։
«Իհարկե սա չի արտացոլում ընդհանուր պատկերը, թե քանի ՌԴ քաղաքացի կա Հայաստանում, քանի որ հունվար-փետրվարին մեծ թվով մարդիկ գնացել են մեր երկրից»,- ասաց նա։
Միաժամանակ Նելլի Դավթյանը հայտնեց, որ միայն մարտին Ռուսաստանից դեպի Հայաստան մուտքը կազմել է 54 700, ելքը՝ 44 438։ «Եթե նայենք իրավաբանական գրանցումներին, որը գերազանցում է 1500-ը, ակնհայտ է, որ Հայաստանում փաստացի գտնվող ՌԴ քաղաքացիների թիվը մի քանի անգամ մեծ է»,- նշեց Նելլի Դավթյանը։
Տեղեկացնենք, որ 2022 թվականի հունվարի 1-ից օտարերկրացիներին աշխատանքի թույլտվություն և կացության կարգավիճակ տալիս է Միգրացիոն ծառայությունը։ Սակայն ԵԱՏՄ երկրների քաղաքացիներից՝ համաձայն ԵԱՏՄ պայմանագրի, չի պահանջվում ունենալ թույլատվական բնույթի որևէ փաստաթուղթ, այդ թվում՝ աշխատանքի թույլտվություն և կացության կարգավիճակ։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում ապաստանի իրավունք ստանալու համար Միգրացիոն ծառայություն է դիմել Ուկրաինայի 8 քաղաքացի
- Ուկրաինայում հայ համայնքը ապաստան է գտնում հայկական եկեղեցիներում. Նաիրա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան