Մշակվում է բնակարանների էներգաարդյունավետ վերանորոգման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը
Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը մշակելու համար Քաղաքաշինության կոմիտեն նախաձեռնել է հանդիպում պետական մարմինների, ֆինանսական կառույցների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Կոմիտեից հայտնում են՝ ապրիլի 15-ին ՀՀ կառավարության հաստատած ծրագրի իրականացման կարգի մշակումը վերապահված է Քաղաքաշինության կոմիտեին և Կենտրոնական բանկին, սակայն առավել գործուն փաստաթուղթ ստանալու նպատակով որոշվել է աշխատանքներում ներգրավել նաև շահագրգիռ բոլոր կողմերին:
«Պետությունը մի քանի կարևոր խնդիր է լուծելու. բնակչության բնակարանային պայմանների և բնակֆոնդի էներգաարդյունավետության բարելավում, քաղաքաշինության բնագավառում չիրացված ներուժի ներգրավում, ինչպես նաև շինարարական նյութերի տեղական արտադրության, ապրանքաշրջանառության ակտիվացում և վերջնարդյունքում հարկերի գեներացում»,-ասել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։
Բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը տեղեկացրել է, որ կարգում պետք է սահմանվեն էներգաարդյունավետության չափանիշները, ծրագրի շահառուներին ներկայացվող պահանջները, դիմումների ներկայացման, ֆինանսավորման ընթացակարգերը, ինչպես նաև մշտադիտարկման մեխանիզմները և այլ դրույթներ:
Կենտրոնական բանկի ներկայացուցիչ Դավիթ Կիրակոսյանը ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներին վստահեցրել է, որ կարգով հնարավորինս ճկուն լուծումներ կամրագրվեն՝ ծրագրի սահուն ընթացքն ապահովելու համար:
Քննարկման ավարտին որոշվել է ծրագրի իրականացման կարգի նախնական տարբերակը մշակելուց հետո ուղարկել հանդիպման բոլոր մասնակիցներին և կարծիքների ամբողջացմամբ բարելավել փաստաթուղթը: Վերջնական տարբերակը ՀՀ կառավարության հաստատմանը պետք է ներկայացվի մինչև մայիսի 20-ը: