Հայտնի են «DigiCode 2022» ծրագրավորման մրցույթի եզրափակչի հաղթողները
Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Մանուկյան սրահում տեղի ունեցավ DigiCode կիրառական ծրագրավորման պատանեկան ամենամյա մրցույթի հանրապետական փուլը:
Մրցույթին մասնակցել է 72 պատանի Հայաստանի բոլոր մարզերից, ներառյալ՝ Արցախից, ինչպես նաև Ջավախքից և Հնդկաստանից։ Ողջույնի խոսքով հանդես եկան ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը, ՀԱՀ նախագահ Կարին Մարկիդեսը, մրցույթի հովանավոր ընկերությունների ներկայացուցիչներ։
ԱՏՁՄ-ից հայտնում են՝ այս տարի Դիջիկոդ մրցույթն իրականացվել է նաև մարզային փուլերով ՀՀ հինգ քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, Իջևանում, Գորիսում և Երևանում։
Մասնակցության հայտ են ներկայացրել 942 թիմ (1000-ից ավել աշակերտ) ՀՀ բոլոր մարզերի, այդ թվում՝ Արցախի, Ջավախքի ընդհանուր թվով 400 դպրոցներից։ Եզրափակիչ փուլում իրենց աշխատանքները ներկայացրել են 60 թիմեր (72 աշակերտ)։
Մասնակիցները մրցել են 10-13 տարեկան և 13 տարեկանից բարձր տարիքային խմբերով՝ «Վիրտուալ աշխատանոցներ` STEM առարկաների թեմաներով», «Համակարգչային խաղեր», «Լավագույն ալգորիթմական լուծում» Կրիայ ծրագրով օլիմպիադա և «Սարքերի ինտեգրում» անվանակարգերում։ Մրցույթում ներկայացված աշխատանքներն իրականացվել են Աղուէս (Scratch), Կրիայ (KTurtle) ծրագրերով և Python ծրագրավորման լեզվով։
«Վիրտուլ աշխատանոց» անվանակարգում հաղթել են Մանե Հարությունյանն ու Էդուարդ Հարությունյանը Նորատուսի թիվ 1 միջնակարգ դպրոցից՝ «Բացահայտենք Ֆիզիկան միասին» խաղով (10-13 տարեկան) և Հովիկ Մարտիրոսյանը Վանաձորի թիվ 2 հիմնական դպրոցից՝ STEM Lab խաղով (13 տարեկանից բարձր)։
«Համակարգչային խաղեր» անվանակարգում հաղթող են ճանաչվել Մարիա Նգոյանը Դիլիջանի ավագ դպրոցից՝ Black Platformer խաղով (10-13 տարեկան) և Անուշ Հակոբյանն ու Գայանե Բաղդասարյանը Էջմիածնի ինովացիոն էթնիկ մարզային կենտրոնից՝ «Կորած կղզին» խաղով (13 տարեկանից բարձր)։
«Pythօn ծրագրով սարքերի ինտեգրում» անվանակարգում 10-13 տարեկան տարիքային խմբում կա երկու հաղթող՝ Արթուր Մկրտիչյանը Մասիսի թիվ 4 հիմնական դպրոցից՝ «Սննդի խելացի ապարատ» նախագծով և Ավետ Դունամալյանն ու Հովհաննես Կարապետյանը Շենավանի հիմնական դպրոցից՝ «Hawk Hunters» նախագծով։ Նույն անվանակարգում 13 տարեկանից բարձր տարիքային խմբում հաղթող են ճանաչվել Թորգոմ Միսակյանն ու Ատոմ Հակոբյանը Գանձակի թիվ 1 միջնակարգ դպրոցից՝ «Smart Aquarium» նախագծով։
Մարզային փուլը հաղթահարած բոլոր մասնակիցները ստացել են հատուկ մրցանակ՝ տեխնոլոգիական և կրթական շրջայցերի տեսքով, իսկ ամեն անվանակարգում հաղթող ճանաչված թիմերը ստացել են շնորհակալագրեր ԿԳՄՍ և մրցույթի կողմից, ինչպես նաև «Արմաթ» տեխնոլոգիական ճամբարի, շրջայցերի ուղեգրեր և դրամական պարգևներ։
Ժյուրիի կազմում ընդգրկված էին Վահե Ասլոյանը (Ardesk ընկերություն), Արման Պողոսյանը (Instigate Design ընկերություն), Արման Աթոյանը (X-Tech ընկերություն), Ռուբեն Մանուկյանը (VXsoft ընկերություն), Սաթենիկ Մնացականյանը (ArmSec հիմնադրամ, Հայաստանի ամերիկյան համալսարան), Վահե Տորոզյանը (Codulate ընկերություն)։ Մրցույթին ներկա գտնվեցին հյուրեր ԱՏՁՄ վարչությունից, Հայաստանի տեխնոլոգիական համայնքից, ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովից, ԿԶՆԱԿ հիմնադրամից, ԿԳՄՍ, ԲՏԱ նախարարություններից և օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններից։
Մրցույթն այս տարի իրականացվում է արդեն 7-րդ անգամ՝ սկսած 2015 թվականից Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (ԱՏՁՄ) կողմից։ Այս ընթացքում մրցույթին մասնակցել են շուրջ 3500 դպրոցականներ, որոնցից 50-ից ավելի թիմեր հաղթել են, ստացել մրցանակներ, ճամբարների հրավերներ, պարգևատրումներ և տարբեր տեսակի խրախուսումներ։ DigiCode մրցույթի հիմնական նպատակն է խրախուսել և զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը, աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի, բացահայտել տաղանդավոր պատանիներին և հնարավորություն տալ զարգացնել ստեղծագործական ունակությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան