Հացադուլ հայտարարած Միսակ Ավետիսյանին մինչ այս պահը շտապ օգնության բրիգադ չի այցելել
Ազատության հրապարակում երեկ առավոտից հացադուլ հայտարարած զոհված ավագ լեյտենանտ Լևոն Ավետիսյանի հորը՝ Միսակ Ավետիսյանին մինչ այս պահը շտապ օգնության բրիգադ չի այցելել։
«Շտապ օգնության բրիգադ չի այցելել, քանի որ իրազեկում չի եղել: Այսօր երեկոյից սկսած շտապ օգնության բրիգադը երեկո-առավոտ սկզբունքով կայցելի Միսակ Ավետիսյանին, իսկ հացադուլի շարունակման դեպքում այցերի ինտենսիվությունը կավելանա»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի ժ/պ Լևոն Սարդարյանը։
«Շտապ օգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանն էլ Panorama.am-ի հետ զրույցում ասաց՝ չգիտի, բրիգադ անցած մեկ օրվա ընթացքում այցելե՞լ է հացադուլ հայտարարած քաղաքացուն, թե՞ ոչ։
Ուշագրավ է, որ հացադուլի մասին Միսակ Ավետիսյանը հայտարարել է ուղիղ եթերում։ Թե տեսագրությունը, թե հայտարարության վերաբերյալ նյութերը լայնորեն տարածվել են սոցիալական ցանցերում։
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված ավագ լեյտենանտ Լևոն Ավետիսյանի հայրը՝ Միսակ Ավետիսյանը, Ազատության հրապարակում հայտարարեց, որ հացադուլ է սկսում, իսկ մայիսի 8-ին կդիմի ավելի ծայրահեղ քայլի։
«Հայտարարում եմ՝ մինչև մայիսի 8-ը հացադուլ, մայիսի 8-ին կգնամ ավելի ծայրահեղ քայլի։ Ես դրան պատրաստ եմ ու ուզում եմ դիմել ՀՀ դատախազությանը, ԱԱԾ-ին, որ ձերբակալեն դավաճանին, վերջապես Հայաստանում վարչապետ նստած այդ թշնամու գործակալին։ Այս կերպ էլ հնարավոր չէ ապրել, այս կերպ էլ չեմ կարող պատկերացել։ Էլ ի՞նչ կարող է լինել, որ մենք ձերբազատվենք այդ վարչապետ կոչեցյալից։ Հույս ունեմ մինչև մայիսի 8-ը կլինի այդ նախաձեռնությունը դատախազության, ԱԱԾ կողմից, եթե ոչ՝ ես պատրաստվում եմ մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրման օրը, ինձ հրկիզել Հանրապետության հրապարակում։ Դիմում եմ բարձրաստիճան սպաներին, գեներալներին, եթե թանկ է ձեզ համար սպայի կոչումը, դուք նույնպես կմիջամտեք, եթե իհարկե, դա չանի դատախազությունն ու ԱԱԾ-ն»,- հայտարարել էր Մ.Ավետիսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան