Մայիսին #GARoon-ը դուրս կգա Երևանի սահմաններից և առաջին անգամ կանդրադառնա նաև սննդի և ժամանցի մարզային մեքքաներին
Հայաստանում ամեն տարի անցկացվում են մի քանի տասնյակ փառատոներ, որոնք կոչված են հրավիրելու տեղի բնակիչների ուշադրությունը ուրախ ավանդույթների վրա (ոչխարների խուզում), ներկայացնելու նոր արտադրողների և արդեն սիրված ապրանքանիշեր (գինու փառատոններ) կամ՝ նոր թրենդ են սահմանում (մորուքի փառատոն):
Հանրության կողմից սիրված փառատոնների մեծ մասն, անկասկած, ունի գաստրոնոմիական բաղադրիչ: Հայկական հյուրընկալության բաղադրիչներից են համեղ ուտելիքի հանդեպ կիրքը, ուրախ, մտերմիկ և ընկերական մթնոլորտը: Այս ամենը երկրում ցանկացած կարևոր իրադարձության հիմքն է հանդիսանում:
Մեկ արտադրանքի նվիրված միջոցառումներն ու փառատոները տասնամյակներ շարունակ կիրառվող հայտնի հնարքներ են: Ամբողջ աշխարհից հավաքվող հյուրերին և մասնակիցներին հրապուրում է ոչ միայն իրենց հեղինակային տեսլականը ներկայացնելու հնարավորությունը և փորձի փոխանակումը, այլև՝ ոլորտում օգտակար կապերի հաստատումը: Դեռևս պետք է զգուշավոր խոսել հայկական փառատոների շրջանակի և Horeca-ի վրա դրանց ազդեցության մասին, այդ առումով երկրի համար արժեքավոր են նոր մասնակիցներ գրավող միջոցառումները:
#GARoon փառատոնը, որը ստեղծվել է որպես ձոն հայկական ավանդական մսային բաղադրիչին՝ գառան մսին, առաջացել է որպես խաշի սեզոնի ավարտից և Զատկական պահքից հետո հյուրերի և մայրաքաղաքի բնակիչների համար որակյալ սննդի միջոցառման անհրաժեշտություն: Համադամ կերակուրների գիտակներն անհամբեր սպասում են մայիսին՝ համտեսելու ամենանուրբ օրգանական գառան միսը:
2022 թվականի մայիսին փառատոնը դուրս կգա Երևանի սահմաններից և առաջին անգամ կանդրադառնա նաև սննդի և ժամանցի մարզային մեքքաներին: Փառատոնը կտևի մայիսի 1-ից հունիսի 1-ը, և յուրաքանչյուր ռեստորան կներկայացնի գառան մսով 3 բացառիկ ուտեստ։
Մենք զրուցեցինք փառատոնի մասնակիցների հետ և պարզեցինք նրանց մասնակցության շարժառիթներն ու դրդապատճառները, ինչպես նաև հյուրերի և ապագա մասնակիցների ցանկությունները։
«Մարգարյան բիզնես գրուպ» ռեստորաների խմբի հիմնադիր և տնօրեն Կարեն Մարգարյանը նշում է, որ փառատոնը հայկական և եվրոպական ռեստորաններում 3 տարի հաջողությամբ անցկացնելուց հետո որոշվել է հրավիրել Երևանի և մարզերի առաջատար ռեստորատորների՝ ոչ միայն աշխարհագրությունն ընդլայնելու, այլեւ փառատոնի առաջատար բաղադրիչ գառան մսի՝ հեղինակային մեկնաբանության բազմազանությունն ապահովելու համար: Ինչպես նշում է ռեստորատորը, հայաստանյան սննդի հաստատված ավանդույթների ձևավորման մեջ պակասում է մրցակցային ոգին, որը կարող է նորովի խթանել ամբողջ արդյունաբերությունը:
Այս տարի «Ալյասկա», «Չինար» և «Ոստան» ռեստորանները տպավորիչ ճաշացանկ են պատրաստել փառատոնի բծախնդիր երկրպագուների համար:
Փառատոնների սիրելին ու Դիլիջանի երկու հայտնի «Թավա» և «Կճուճ» ռեստորանների հիմնադիր Վարդան Ավետիսյանը հավելում է.
«Սննդի փառատոները նոր, խոստումնալից և հայտնի ռեստորանների ու նախագծերի համար հիանալի հարթակ են. նրանք ավելի տեսանելի են դառնում, նրանց արտադրանքը գովազդվում է և համտեսվում մեծ թվով մարդկանց կողմից։ Մենք սիրում ենք մասնակցել գաստրոնոմիայի թեմատիկ փառատոններին: Մեզ հետ տանում ենք մեր շարժական աղյուսե վառարանը և բազմաթիվ մարդկանց համար կրակի վրա պատրաստված համեղ ուտեստներ ենք պատրաստում: Մեր երկու ռեստորաններում՝ «Կճուճ»-ում և «Թավա»-յում, սնունդը պատրաստվում է աղյուսե վառարաններում: «Կճուճ»-ում մատուցվող ուտեստները եփվում են փռի դանդաղ կրակի վրա կավե կճուճիկների մեջ, իսկ «Թավա»-յում թուջե սպասք է կիրառվում, և ուտեստները դարձյալ եփվում են փռում: Այս երկու եղանակն էլ փառատոնների ժամանակ ցնցող ազդեցություն են թողնում սննդի ավանդական պատրաստման մեթոդներով և ժամանակակից մատուցմամբ»:
Ինչպես հավելում է 2022 թվականին «Սալոն» հայտնի հայկական խոհանոցի տեղում հիմնադրված «Կիլիկիա» ընտանեկան ռեստորանի տնօրեն Վալերի Բաղդագյուլյանը.
«Փառատոնները լավ հնարավորություն են հյուրերին ոչ միայն ռեստորանի բարելավումներին և նորամուծություններին ծանոթացնելու համար: Նաև ներկայացնում ենք հայկական սննդային ավանդույթների սեփական տեսլականը, որը հետաքրքիր է թե զբոսաշրջիկներին, թե տեղացիներին»։
Ժիրայր Ավանյանը, որի նոր «Իմ Տուն» դիլիջանյան նախագիծն արդեն հասցրել է գրավել ֆյուժն-ի հայ երկրպագուներին, վստահորեն հաստատում է իր գործընկերոջ միտքը. «Սննդի փառատոները մեծացնում են ռեստորանի ճանաչումը»։ Ինչպես մեզ ասացին ռեստորանում, այս տարի ռեստորատորն անձամբ է զբաղվում ուտեստների մշակմամբ և ծրագրում է զարմացնել երևանյան մասնակիցներին։
Մասնակիցների թվում է ռեստորանային ոլորտի վետերան The Club-ը, որը հիմնադրումից գրեթե 2 տասնամյակ անց չի վախենում դիրքերը կորցնելուց։ Համահիմնադիր Անդրանիկ Գրիգորյանն ընդգծում է, որ փառատոնի գաղափարը համընկել է ռեստորանի՝ միայն բնական և սեզոնային մթերքներից ուտեստներ պատրաստելու հայեցակարգին: «Միսը մեզ մատակարարում են կայուն անասնաբուծությամբ զբաղվող ֆերմերները: Խոհանոցը հեղինակային է, ստեղծարար, փոփոխվող՝ նոր սեզոնային ապրանքների հաճախականությամբ: Շեֆ խոհարար, իսկական հրաշագործ Հայկ Շաքարյանը չի դադարում զարմացնել իր նոր ստեղծագործություններով, բույրերի, համերի ու գույների համադրություններով»։
Backlachoff Collection-ի գործադիր տնօրեն Սուրեն Աբգարյանը փառատոնին մասնակցում է Երևանում («Չայհոնա», «Կովկասի գերուհին») և Ծաղկաձորում («Կովկասի գերուհին») գտնվող ռեստորաններով, հեղինակավոր ավելացնում է.
«Վստահաբար կարելի է ասել, որ սննդի փառատոնները հասարակության սննդային նախընտրությունների ցանկում են։ Մենք միշտ օգտագործել ենք գառան միս մեր ռեստորաններում, ճաշացանկում կգտնեք ինչպես աղցաններ, այնպես էլ՝ գառան մսով տաք ուտեստներ։ #GARoon-ի հյուրերի համար այս մայիսին իդեալական հնարավորություն կլինի փորձել ճաշատեսակներ, ստանալ անմոռանալի գաստրոնոմիական փորձ, բացել համի նոր հորիզոններ, որոնք հազիվ թե կարողանային պատվիրել ռեստորանում»։
Առաջին անգամ Արցախից մասնակցում է 2021 թվականին հիմնադրված Tumanyan’s Art Wine House երիտասարդ ռեստորանը։ Հիմնադիր Քրիստին Բալայանի համար դա հուզիչ փորձ է:
«Մենք նորովի ենք սկսում ոչ միայն արդյունաբերությունը, այլ ընդհանրապես կյանքը: Հաճախորդների և հատկապես զբոսաշրջիկների ներգրավումը մեր առաջնահերթ խնդիրն է, և #GARoon փառատոնը շատ կօգնի դրան: Մենք միշտ փորձում ենք պահպանել արցախյան խոհանոցի ավանդույթները, բայց՝ մի քիչ ժամանակակից արվեստ ներմուծելով: Մեր հիմնական վեկտորը միայն տեղական արտադրությունից օգտվելն է»։
Փառատոնի գինու գործընկերն է լինելու Ռինդ գյուղի (Վայոց ձոր) գինու ապրանքանիշը՝ Meyron Wine-ը։ Գինեգործարանի հիմնադիր Մհեր Տերտերյանը նշում է.
«Մենք տպավորված ենք Հայաստանի և հայկական սննդի բաղադրիչների հանրահռչակմանն ուղղված նախագծերով։ Գինին ու գառան միսը վաղուց եղել են հայ ժողովրդի սիրված համադրություններից մեկը։ Այսօր հայկական գինին աշխարհով մեկ բազմաթիվ երկրպագուներ ունի: Հուսով ենք, որ գառան մսով կերակրատեսակները նույնպես կհանրահռչակվեն»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան