Այս տարվա Չանգ-Քրանդալ մարդասիրական մրցանակի մրցանակակիրն է ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Օհանեսյանը
Ամերիկահայ ակնաբույժ, «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհանեսյանը դարձել է Կատարակտի և ռեֆրակտիվ վիրաբուժության ամերիկյան հիմնադրամի՝ 2022 թվականի Չանգ-Քրանդալ մարդասիրական մրցանակի մրցանակակիրը: Մրցանակն ամերիկահայ ակնաբույժին շնորհվեց ապրիլի 24-ին, Վաշինգտոնում կայացած միջոցառման ժամանակ:
Չանգ-Քրանդալ մարդասիրական մրցանակը տրվում է բարեգործական բացառիկ աշխատանքների համար:
«Հայկական ակնաբուժության նախագիծն իմ կյանքին մեծ իմաստ է տվել և միշտ պատվաբեր է եղել ինձ համար: Շատ ոգևորիչ է իմ գործընկերների կողմից այս մրցանակը ստանալ 30 տարվա իմ նվիրվածության համար: Սխալ գործած կլինեմ, եթե չնշեմ այն բազմաթիվ բժիշկներին, ովքեր ինձ միացել են այս ընթացքում: Անչափ հպարտ եմ մեր ձեռքբերումներով և հիացած, թե որքան հեռուն է գնացել այս ծրագիրը», - ասաց բժիշկ Ռոջեր Օհանեսյանը:
Ռոջեր Օհանեսյանը ծնվել է Բոստոնում՝ Մասաչուսեթս նահանգում, նա եղել է առաջին սերնդի գաղթականների որդի: Բժշկության հանդեպ հետաքրքրությունը սկիզբ է առել վաղ տարիքից. տատը կատարակտի անհաջող վիրահատության արդյունքում կուրացել է, ինչից հետո Ռոջերը որոշել է, որ կանի հնարավորը, որպեսզի մարդիկ այլևս նման ճակատագրի չարժանանան:
Երեսուն տարի առաջ՝ 1992թ.-ին, բժիշկ Օհանեսյանը ՀՀ կառավարությունից ստանում է հեռագիր, որով պետությունը դիմում էր ամբողջ աշխարհի հայ բժիշկներին՝ պատերազմական դրության մեջ գտնվող երկրին աջակցություն ցուցաբերելու խնդրանքով: Օհանեսյանն անհապաղ հումանիտար օգնություն է հավաքում՝ դեղորայք, բուժպարագաներ, և այցելում Հայաստան:
Երկու շաբաթվա ընթացքում նա Երևանում ընդունում է ավելի քան 300 հիվանդի, կատարում շուրջ 40 վիրահատություն, գրեթե բոլորը՝ պատերազմից տուժած երիտասարդներ:
Վերադառնալով ԱՄՆ՝ Օհանեսյանը հիմնադրում է Հայկական ակնաբուժության նախագիծը՝ նպատակ ունենալով Հայաստանում կանխարգելել ձեռքբերովի կուրությունը և բարձրացնել ակնաբուժական ծառայությունների հասանելիությունը: Այս տարիների ընթացքում բժիշկ Օհանեսյանն ու ամերիկյան ակնաբուժական դպրոցի առաջադեմ բազմաթիվ մասնագետներ ավելի քան 50 բժշկական առաքելություն են իրականացրել Հայաստանում և Արցախում՝ իրենց հետ բերելով միլիոնավոր դոլար արժողությամբ բժշկական սարքավորումներ, բուժտեխնիկա և դեղորայք, իրականացրել բազմաթիվ վիրահատություններ, հայ բժիշկներին փոխանցել սեփական գիտելիքներն ու փորձը և մեծ ներդրում ունեցել Հայաստանում ակնաբուժական ծառայությունների որակի բարելավման գործում:
«Բժիշկ Օհանեսյանի շնորհիվ կյանքն անվերադարձ փոխած մարդկանց թիվն անհամար է: Մենք ոգևորված ենք բժիշկ Օհանեսյանի մասնագիտական գործունեությամբ և մեծ պատվով շնորհում ենք նրան այս մրցանակը՝ ի ճանաչում աշխարհի հանդեպ ակնաբուժության ոլորտում նրա ունեցած ներդրումների», - ասված է հիմնադրամի հայտարարության մեջ: