«Ձեր ձեռնարկներում գրեթե մոտեցել եք «Ֆեմեն» խմբին և Pussi Riot–ին»
ՀՀ Ազգային ժողովում այսօր կրթության և գիտության նախարար նախարար Արմեն Աշոտյանը պատասխանեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի քննադատություններին:
«Տիկին Զարուհի, բոլորս շատ լավ հիշում ենք, որ դուք քաղաքական շարժումների և զարգացումների թոհուբոհում թողեցիք ու գնացիք ԱՄՆ, լավ արեցիք, որովհետև գնացիք սովորելու: Ես ողջունում եմ դա, մանավանդ, որ շատ բան ունեք սովորելու, և բաց մի թողեք հերթական հնարավորությունը: Բայդ հիմա կոչ եք անում երիտասարդներին գնալ դասադուլների, դուք գնաք Ամերիկայում սովորեք, Ձեր կրթության որակը ավելացնեք ավելի լավ կյանքի համար, իսկ Հայաստանի ուսանողներին ուզում եք օգտագործել որպես թնդանոթային մի՞ս, որոնց ուզում եք բերել հրապարակ, ձեր անուշ քաղաքական ձեռնարկին երկրորդ կյանք տալու համար»,- ասաց Արմեն Աշոտյանը և հավելեց. «Որքանո՞վ եք ազնիվ, դուք ուզում եք սովորել դրսում, վայելել, Սաակաշվիլիի հետ նկարվել և այլն, իսկ այստեղի էրեխեքին ուզում եք դասերից կտրել, իրենց ապագա հացից կտրեք, տանեք հրապարակ, որպեսզի իրենք ձեզ ուժ տան: Վամպիրությունից բացի, այլոց էներգիան խմելուց ու վերցնելուց բացի, ոչ մի ուրիշ ռեսուրս չունեք ապագայի»:
Արմեն Աշոտյանը նշեց, որ չի ուզում վատ բաներ ասել Զարուհի Փոստանջյանին, բայց ստիպված է, քանի որ վերջինս արդեն չարաշահում է բարեկրթությունը:
«Չեմ ուզում նման բաներ ասել, բայց Դուք ստիպում եք: Ձեր ձեռնարկներում գրեթե մոտեցել եք տխրահռչակ սկանդալային համբավ ունեցող այնպիսի շրջանակների, ինչպիսիք են «Ֆեմեն» խումբը, տարբեր մասսայական ակցիաների ժամանակ տարբեր բաներ են բացում և Pussi Riot–ին, որ մտնում է վանք և սրբապղծություն է անում: Մի՛ արեք դա, դուք լուրջ կին եք, ինտելեկտ ունեք, երեխաներ ունեք: Գնացիք ձեր տան դիմաց, թե ինչ-որ տեղ այրեցիք ինչ-որ բաներ: Պատկերացնո՞ւմ եք՝ նույն ՀՀԿ-ականները որոշեն նման ակցիա անել, գնան մի խանութից մանեկեն գնեն, զարդարեն ձեր տեսքով և նկարեն ինչ-որ բան ու դնեն, բա ամոթ չի՞: Սա է մեր մակարդակը: Ձեր մակարդակը գուցե սա է, բայց մեր մակարդակը սա չի, բայց մի ստիպեք մարդկանց անել քայլեր, որոնք ճարահատյալ են անում, քանի որ դուք չարաշահում եք ոմանց բարեկրթությունը», - նշեց Ա.Աշոտյանը:
Այնուհետև ԿԳ նախարարն անդրադարձավ հանրաքվեին՝ ասելով, որ փողերից են խոսում, մինչդեռ երեկ ՀԱԿ-ն ամբողջ օրը բողոքում էր, որ «Ժառանգության» ձայները հանձնաժողովում ծախված են: «Ո՞ւր է գնացել այդ փողը, կարո՞ղ է ձեզ է գնացել, թե՞ Րաֆֆի Հովհաննիսյանին: Եթե ՀԱԿ-ի ահազանգերը ճիշտ են, ու՞ր են գնացել էդ փողերը՝ Ձե՞զ»,- ասաց Ա.Աշոտյանը:
Ելույթի ժամանակ նիստերի դահլիճ մտավ Զարուհի Փոստանջյանը և ԱԺ նախագահին ասաց, որ ընդհատի Աշոտյանին և անջատի նրա խոսափողը:
«Դուք անխափան խոսեցիք տիկին Զարուհի, ես Ձեզ լսել եմ մինչև վերջ: Երիտասարդների մեջ ատելություն մի՛ սերմանեք: Այս երկրում, այս քաղաքական դաշտում այդ երեխաներն ապրելու են առանց ինձ և ձեզ: Խրամատներ մի՛ արեք, մի ասեք «այո» քվեարկողներին ստրուկներ ու ձեզ հերոսացրեք, ամոթ է: Էս ջահելության մեջ այդ խտրականությունը մի մտցրեք, որովհետև հետո դուք գնում եք ձեր պուպուշ գործուղումներով, իսկ էս մարդիկ սկսում են իրար արյուն թափել, թշնամություն եք սերմանում, մի՛ արեք: Այնքան քաղաքական սուր ելույթներ եմ լսել այս տարվա մեջ, հավատացեք, դուք չեք ամենասուր ելույթներն ասում, որովհետև սուրը վիրավորանքը չէ, սուրը ինտելեկտն է: Մանրադրամ մի սարքեք այս քաղաքական ամբիոնը և քաղաքական պայքարը», - ասաց Ա.Աշոտյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան