Ընդդիմադիրների բացակայության պատճառով ԱԺ հանձնաժողովի նախագահը մոռացավ կանոնակարգի պահանջը
«Ներկայումս իրավակիրառ պրակտիկայում ունենք դեպեր, երբ ժամկետային զինժառայողի հաշմանդամության զինվորական նպաստն ավելի բարձր է քան օրինակ պայմանագրային սերժանտինը, այս խմբագրական փոփոխությամբ լուծվում է այդ խնդիրը և առաջարկվում է, որ այն սահմանվի նվազագույն կենսաթոշակից ոչ պակաս»,-Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը՝ զեկուցելով առաջին ընթերցումից հետո «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի վերաբերյալ ստացած առաջարկությունը:
Նա հայտնեց, որ այն ընդունվել է և այդ շեմը նվազագույն է լինելու, որը բարձրանում է ըստ զինծառայողի կոչման:
Փոխնախարարը հայտնեց, որ նույն փոփոխությունը կատարվում է նաև կերակրողը կորցնելու դեպքում տրվող կենսաթոշակի մասով:
Հիշեցնենք, որ օրենքների նխագծերի փաթեթի բուն նպատակը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից հատուցում ստացողի կողմից՝ միաժամանակ մարտական գործողությունների հետևանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառված լինելու հիմքով հաշմանդամության աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ կամ կերակրողին կորցնելու դեպքում՝ աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ ստանալու դեպքերն կանխելն է:
««Պետական կենսաթոշակների մասին» օրենքի համաձայն՝ եթե անձը «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից ստանում է հատուցում, ապա չի կարող ստանալ զինվորական կենսաթոշակ:
Համանման կարգավորում նախատեսված է նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 70-րդ հոդվածի 8-րդ մասով՝ պարգևավճարների համար:
Սա նշանակում է, որ գործող կարգավորումների համաձայն՝ մարտական գործողությունների հետևանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառված լինելու հիմքով Հիմնադրամից հատուցում ստացող անձը չի կարող միաժամանակ ստանալ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ (զինծառայողի առողջությանը վնաս պատճառված լինելու դեպքում) կամ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ (զինծառայողի կյանքին վնաս պատճառված լինելու դեպքում) և նշված կենսաթոշակների ստանալու իրավունքին փոխկապակցված՝ պարգևավճար»,-ասվում է նախագծի հիմնավորման մեջ:
Փոխնախարարը զեկուցեց նաև «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագիծը, որով կատարվում էին տեխնիկական և խմբագրական փոփոխություններ:
Հանձնաժողովի նախագահ ՔՊ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն, ընդդիմադիր պատգամավորների բացակայության պայմաններում, մոռացավ, որ կանոնակարգով նախագծերի քննարկման ավարտից հետո դրանց հեղինակներին, հարակից զեկուցողներին պետք է ելույթի իրավունք տար և, առանց այն անելու, նախագծերից մեկը դրեց քվեարկության:
Երկրորդ նախագծի քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահն ուղղեց իր սխալը, բայց այս դեպքում էլ կառավարության և ԱԺ ներկայացուցիչները հրաժարվեցին ելույթի իրավունքից:
Հանձնաժողովի ՔՊ պատգամավորների կողմ քվեարկությամբ օրենքների նախագծերն երկրորդ ընթերցմամբ ընդգրկեցին ԱԺ նիստերի օրակարգ: