Թուրքիայի զինված ուժերը մտադիր են 60 կմ խորությամբ առաջանալ Իրաքի տարածք և այնտեղ բազաներ ստեղծել
Թուրքիայի զինված ուժերը մտադիր են 50-60 կմ խորությամբ առաջ շարժվել դեպի Իրաքի տարածք՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ նոր ռազմական գործողության շրջանակներում։ Այդ մասին երեքշաբթի վերլուծական է հրապարակել Star թերթը։
Ըստ պարբերականի՝ հիմնական խնդիրները կատարելուց հետո թուրք զինվորականները չեն նախատեսում ամբողջությամբ լքել Իրաքի հյուսիսը։ Նրանք մտադիր են այնտեղ ժամանակավոր բազաներ տեղակայել տարածքը վերահսկելու համար՝ մինչև «սպառնալիքների» վերացումը։ Միայն սպառնալիքները չեզոքացնելու ողջ առաջադրանքները կատարելուց հետո թուրքական զինված ուժերը կլքեն Իրաքի տարածքը։ Ժամանակավոր բազաներ և հսկիչ կետեր կտեղակայվեն այն տարածքներում, որոնք ծայրահեղականները նախընտրում են օգտագործել տեղաշարժի համար:
Sabah թերթն էլ նշում է, որ Քանդիլ շրջանում, որտեղ ընթանում է գործողությունը, PKK-ի մարտիկների թիվն, ըստ զինվորականների, մոտ 3 հազար է եղել: Թերթը նաև գրում է, որ Իրաքյան Քրդստանի ղեկավարությունն աջակցում է Թուրքիային և թույլ չի տալիս PKK-ի անդամների անցումը ինքնավարության տարածք։
Երկուշաբթի օրը Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ «Հյուսիսային Իրաքում հատուկ գործողության ընթացքում սպանվել է 56 ահաբեկիչ»։
Ապրիլի 18-ի գիշերը Թուրքիայի զինված ուժերը Հյուսիսային Իրաքում PKK-ի անդամների դեմ նոր ռազմական գործողություններ են սկսել՝ ռազմաօդային ուժերի և հատուկ ջոկատայինների մասնակցությամբ։ Թուրքական կործանիչները ավիահարվածներ են հասցրել Իրաքի Մեթինա, Զապ և Ավաշին շրջաններին։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան Իրաքում սպանել է Քրդստանի աշխատավորական կուսակցության 30 անդամի
- Թուրքիան Իրաքի հյուսիսում շարունակելու են իրենց ռազմական գործողություննները
- Թուրքիան ռազմական գործողությունն է սկսել Իրաքի հյուսիսում