Խարդախության նոր մեխանիզմ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով
Ոստիկանությունն ահազանգում է՝ Հայաստանում գլուխ է բարձրացնում խարդախության նոր մեխանիզմ։ Խարդախները գրոհը կազմակերպում են սոցցանցերում՝ մարդկանց մոտ հոգեցունց պատմություններով առաջացնելով խղճմտանք, որոգայթը գցելով դյուրահավատ քաղաքացիներին։
Ըստ իրավապահ մարմնի, այսօր խարդախությունների գերակշիռ մասը կատարվում է համացանցի միջոցով։
Ոստիկանությունում պարզել են, որ խարդախները ստեղծում են կեղծ էջեր, օգտատերերին ներկայանում որպես վաղեմի ընկեր կամ բարեկամ, ներկայացնում մի իրավիճակ, երբ շտապ գումար է հարկավոր՝ մինչև 30 հազար դրամ։
«Հիմնականում թիրախ են ընտրվում արտերկրում ապրող քաղաքացիները, որոնց համար դժվար է ստուգել պատմության իսկությունը»,- նշում են ոստիկանությունից։
Իրավապահները խորհուրդ են տալիս մինչև գումար փոխանցելը կապվել մտերիմի, մանկության ընկերոջ հետ՝ պարզելու նա՞ է գումար խնդրում, թե՞ նրա անվան տակ թաքնված խարդախը։