Օրենքի նախագծի ընդունման դեպքում բյուջեի մուտքերը կպակասեն 106 մլն դրամով. Անի Իսպիրյան
«2020 թ.-ին ոչ ԵԱՏՄ, այլ երրորդ երկրներ 615 տնտեսվարող է մինչև 1 մլն դրամի արտահանում կատարել, իսկ 2021 թվականին՝ 721 տնտեսվարող»,-ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընեթերցմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացնելիս այտնեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ ԵԱՏՄ երկրներ 2020 և 2021 թվականներին մինչև 1 մլն դրամի արտահանում են արել համապատասխանաբար 401 և 331 արտահանող:
Օրենքի նախագծով սահմանվում է, որ մեկ առաքողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով ՀՀ սահմանով արտահանվող, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկիր, ընդհանուր մաքսային արժեքը 1.0 միլիոն ՀՀ դրամը չգերազանցող գումարի չափով ապրանքներն ազատվում են մաքսատուրքից:
Անի Իսպիրյանը հայտնեց, որ այդ տնտեսվարողները երկու տարում վճարել են ընդամենը 106 մլն դրամ մաքսատուրք և օրենքի նախագծի ընդունման դեպքում ՀՀ բյուջե մուտքերն այդքանով կպակասեն:
Փոխնախարարը փարատեց Գևորգ Պապոյանի մտահոգությունը, թե օրենքի ընդունման դեպքում խոշոր արտահանողներն իրենց ապրանքները կմասնատեն, որպեսզի մաքսատուրք չվճարեն: Ըստ Իսպիրյանի՝ նման փորձի դեպքում տնտեսվարողներն ավելի շատ բարդությունների առաջ կկանգնեն:
ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը, դրական գնահատելով նախագիծը, հայտարարեց, որ ձեռնպահ է քվեարկելու: Հանձնաժողովն ընդունեց նախագիծը::
Նիստը Նախագահող Բաբկեն Թունյանն էլ, ավարտելով աշխատանքները՝ հայտարարեց, որ ընդդիմադիր պատգամավորները չեն զգուշացրել, որ բացակայելու են նիստից: