Ապրիլի 27-ը ապրիլյան պատերազմում անմահացած Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է
Ապրիլի 27-ն ապրիլյան պատերազմում անմահացած Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է։ Այսօր նա կդառնար 26 տարեկան։
Քյարամ Սլոյանը ծնվել է 1996 Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում: Ժամկետային զինծառայող գնդացրորդ Քյարամը քառօրյա պատերազմի առաջին զոհերից էր: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի ձեռնարկած հարձակմանը առաջին դիմադրողներից էին հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկի տղաները:
Կապիտան Արմենակ Ուրֆանյանն իր անձնակազմի հետ հետ միասին կարողացել է երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը: Երբ կապիտանը հասկացել է, որ այլևս դիմադրելն անհնար է քանակով ու ռազմական տեխնիկայով զինված թշնամուն, կրակը վերցնելով իր վրա՝ զինվորներին հետ նահանջելու հրաման է տվել, սակայն զինվորները՝ Քյարամ Սլոյանը, Ռոբերտ Աբաջյանը, Անդրանիկ Զոհրաբյանը չեն նահանջել, պայքարել են մինչև վերջ և զոհվել իրենց հրամանատարի հետ: Ադրբեջանցի բարբարոսները գլխատել էին 20-ամյա Քյարամ Սլոյանին:
2016 թվականի մայիսի 28-ին Քյարամ Սլոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի Հայաստանի Հանրապետության պետական շքանշանով։
Քյարամի զինակից ընկեր Անդրանիկ Զոհրաբյանի հայրը՝ Ատոմ Զոհրաբյանը, որը մի քանի անգամ եղել է որդու կռված դիրքում, պարզել որոշ հանգամանքներ, դեռ 44-օրյա պատերազմից առաջ Panorama.am-ի հետ զրույցում ասել էր, որ նրանք գրագետ ու համառ կռիվ են տվել, Ուրֆանյանի շնորհիվ շատ ճիշտ են կազմակերպել դիրքի պաշտպանությունը ու ամբողջ դաշտը վերցրել են խաչաձև կրակի տակ:
«Հրամանատարներն էլ ասում են, որ հաճախ չի ստացվում նման ձևով մարտ վարել ու մինչև վերջ տանել, բայց նրանց հաջողվել է: Երկու գրոհից հետո անգամ վիրավոր չեն ունեցել: Խրամատի ձախ հատվածում մարտը վարել է կապիտան Ուրֆանյանը, նրա կողքին եղել է Քյարամը, Անդրանիկն ու Ռոբերտը եղել են աջակողմյան հատվածում, մյուս տղաները՝ միջնամասում: Հակառակորդը հրետանի է կիրառել, ապա ծանր տեխնիկա: Յոթ հոգով կարողացել են երկու անգամ հետ շպրտել հակառակորդին: Ուրֆանյանը խոցել է հակառակորդի տանկն ու ականազերծող զրահամեքենան, կռվել են թշնամու ինտենսիվ հրետակոծության տակ՝ ոչ մի քայլ չնահանջելով:
Տղաները պատմում են, որ երկրորդ գրոհի ժամանակ, ձախ կողմի խրամաբջիջից լսվել է Ուրֆանյանի ձայնը, թե՝ «ապրես Անդո ջան, ցավդ տանեմ, հալալ ա, էդպես պահի»: Չորսով իսկապես մեծ գործ են արել ու պատահական չէ, որ այսօր նրանց՝ չորս եղբայրներին համարում են Մարտակերտի փրկիչներ: Նրանք պահել են դիրքը, իրենց վստահված պաշտպանական բնագիծը, ազերիների առաջ փակել են Մարտակերտ տանող դուռը: Դրա համար ասում են՝ Ուրֆանյանի քառյակը Մարտակերտի փրկիչներն են»,- պատմել է Ատոմ Զոհրաբյանը:
Հարակից հրապարակումներ`
- Քյարամ Սլոյանի հարազատ գյուղում բացվել է հուշարձան
- Մարտակերտի արծիվներն իրենց հետ տարան իմ արցունքները. Կարեն Թորոսյանի հիշողությունները
- Մարտակերտի արծիվներից մեկը՝ Անդրանիկ Զոհրաբյանն այսօր կդառնար 21 տարեկան
- Մահացել է ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի հայրը
- Քյարամ Սլոյանի իրերը հայրը զորամասից տուն է բերել
- Իրականություն, որը նման է լեգենդի. Արմենակ Ուրֆանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան