Ո՞ւր է պետությունը, երբ միայնակ և հիվանդ կինը գիշերում է բաց երկնքի տակ
Իրանահայ 53-ամյա Այիդա Զարգարեանն արդեն 4,5 ամիս Երևանում է։ Սկզբում ապրել է վարձով, սակայն մի քանի օր է բաց երկնքի տակ է անցկացնում ցերեկն ու գիշերը։
Տիկին Այիդայի հետ զրուցեցինք իր «կացարանում». «Ռոսիա» կինոթատրոնի մոտ բնակելի շենքի բակում մի անկյունում իրերն են՝ ճամպրուկ, ափսեներ, մի քանի աման, ատամի մածուկ ու խոզանակ… Քնում է գետնին։ Կնոջն ուտելիք, նաև որոշակի գումար տալիս են հարևանությամբ ապրող մարդիկ։ Լողանալու հնարավորություն չունի։
«Թեհրանում եմ ծնվել ու մեծացել։ Սակայն խնդիրներ առաջացան ու ես եկա Հայաստան։ Էրեբունի թաղամասում վարձով էի ապրում, բայց դուրս եկա այդ տանից։ Հիմա ապրելու տեղ չունեմ։ Փողոցում եմ գիշերում։ Աշխատանքի համար տարբեր տեղեր եմ դիմել, հեռախոսահամարս թողել, բայց արձագանքներ չեմ ստանում։ Դիմել եմ պետական մարմիններին՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, միգրացիոն ծառայություն, սպասում եմ պատասխանին։ Այսպես էլ չեմ կարող։ Լողանալ եմ ուզում, քոր եմ բռնել»,- պատմում է տիկին Այիդան։
Նա առողջական խնդիրներ ունի. շաքարային դիաբետ, ոտքերի ցավ։ Ասում է՝ պետությունից ակնկալում է օգնություն, քանի որ այլ տարբերակ չունի։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Panorama.am-ը տեղեկացավ, որ Այիդա Զարգարեանը դիմում է գրել դրամական և հումանիտար օգնության համար, այն վերահասցեագրվել է միասնական սոցիալական ծառայությանը։
Միասնական սոցիալական ծառայությունից ասացին, որ դիմումն իրենց մոտ մուտքագրվել է մարտի 29-ին, արդեն ապրիլի 14-ին դիմումի պատասխանը պատրաստ է եղել։ Մեր դիտարկմանը, որ տասն օրից ավելի դիմումի պատասխանը պատրաստ է, սակայն այդ կինը չի ստացել այն, չգիտի իր անելիքը, էլ ուր դիմի, էլ ուր գնա, ծառայությունից փոխանցեցին՝ կինը տեղեկացվել է, որ դիմումի պատասխանը կա, պետք է մոտենա Նալբանդյան 13 ու վերցնի։
Մեր խնդրանքին՝ գուցե նորից զանգեն ու կնոջը հստակ բացատրեն, ուր պետք է գնա, խոստացան անմիջապես կապ հաստատել Այիդա Զարգարեանի հետ։
Նրան օգնել ցանկացող քաղաքացիների ու պետական մարմինների համար հրապարակում ենք հեռախոսահամարը՝ 095-155-028:
Panorama.am-ը հետևողական կլինի, թե ինչպես է լուծվում մեր հայրենակցի ճակատագիրը, ով բաց երկնքի տակ, գետնին կամ ճամպրուկին նստած կամ քնած անցկացնում է իր օրերը, ով ունի առողջական խնդիրներ ու չունի պետական որևէ աջակցություն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան