Մենք դեմ ենք ցանկացած միակողմանի գործողություններին, հատկապես Ադրբեջանի կողմից. Էնթոնի Բլինկեն
ԱՄՆ-ը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը երկարաժամկետ սկզբունքով լուծելու օգտին, ինչպես նաև դեմ է միակողմանի քայլերին այս առումով։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
«Ես շատ ակտիվ և անմիջականորեն շփվել եմ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ղեկավարության հետ։ Մասնավորապես, վերջերս՝ մեկ շաբաթ առաջ, հեռախոսազրույցներ ունեցա վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի, ինչպես նաև այս երկրների արտաքին գործերի նախարարների հետ՝ փորձելով խթանել Լեռնային Ղարաբաղի հարցի երկարաժամկետ քաղաքական կարգավորման հեռանկարները»,-ասել է ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնն այդ կապակցությամբ մշակում և խթանում է վստահության ամրապնդման տարբեր միջոցառումներ։
«Մենք դեմ ենք ցանկացած միակողմանի գործողություններին, հատկապես Ադրբեջանի կողմից, որոնք միայն սրում են իրավիճակը»,-ընդգծել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։