Դատախազությունը որևէ կաշկանդվածություն չունի Նիկոլ Փաշինյանին պատասխանատվության կանչելու հարցում. Արմեն Մուրադյան
Այսօր ՀՀ գլխավոր դատախազության մոտ հավաքված զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպեցին դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ու դատախազ Արմեն Մուրադյանը։
Գոռ Աբրահամյանը նշեց, որ ինչպես ծնողները, այնպես էլ իրենք շահագրգռված են, որպեսզի պատերազմին առնչվող բոլոր գործերով իրավական գնահատականներ տրվեն և հանցագործություն կատարած անձինք լիարժեք ապացույցների առկայության դեպքում պատասխանատվության ենթարկվեն։
Նրա խոսքով՝ կան դատավարական հստակ ընթացակարգեր, մասնավորապես, գրավոր պատասխանն ուղարկվել է փաստաբան Արա Զոհրաբյանին, քանի որ դիմումը ներկայացված է նրա անունով։
Հարցին, թե քանի օրում կկայացվի որոշումը, Գոռ Աբրահամյանը նշեց, որ քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերով սահմանված է 5 օրյա ժամկետ։
Դատախազ Արմեն Մուրադյանն էլ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք դատախազությունը կաշկանդված չէ Նիկոլ Փաշինյանին պատասխանատվության կանչելու հարցում, նշեց, որ որևէ կաշկանդվածություն չունեն։
«Դատախազությունը որևէ կաշկանդվածություն չունի, քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված կանոնակարգերով իրականացվում է նախաքաննություն։ Բավարար փաստական տվյալներ ձեռք բերելու դեպքում համապատասխան քրեադատավարական որոշում կկայացվի»,- ասաց նա։
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը կանչվե՞լ է հարցաքննության, դատախազը նշեց, որ ելնելով նախաքննական գաղտնիությունից՝ այդ հարցին չի կարող պատասխանել։
Անդրադառնալով այն հարցին, թե Հակակոռուպցիոն կոմիտեն արդյոք կկատարի ՀՀ Գլխավոր դատախազության ցուցումները, Արմեն Մուրադյանը պատասխանեց. «Ցուցումներ տալուց հետո քրեադատավարական օրենքով վարույթ իրականացնող քննիչը վերադաս դատախազին առարկություններ ներկայացնելու հնարավորություն ունի։ Ես չեմ կարող կանխատեսել՝ վերջինս իր այդ լիազորությունից օգտվելու է, թե ոչ»։
Հիշեցնենք, որ այսօր զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Դատախազության դիմաց։ Նշենք, որ երեկ նրանք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ներկայացրեցին պահանջ, որ զոհված տղաները համարվեն տուժող, իսկ նրանց հարազատները` տուժողների իրավահաջորդ։
Այսօր Գլխավոր Դատախազությունից հայտնել են, որ 2022թ. ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներին քրեական գործով որպես տուժող ճանաչելու վերաբերյալ զոհված զինծառայողների մի շարք ծնողների, հարազատների միջնորդությունը, որը բավարարվել է: