Հանրապետության հրապարակ բազմաթիվ ոստիկաններ են բերել. Կառավարության շենքին թույլ չեն տալիս մոտենալ
Կառավարության շենքի դիմաց բազմաթիվ ոստիկաններ են բերվել։ Նրանք նախ փորձեցին խոչընդոտել «Ազատագրական շարժման» ակցիայի մասնակիցներին մոտենալու կառավարության շենքի։
Ակցիայի մասնակիցները հագել են հակագազեր, բժշկական խալաթներ, նախապես հայտարարել էին, գնալու են կառավարության շենքն ախտահանեն։
«Ախտահանելուց սաղին կախտահանեմ, եթե ըտենց խոսակցություն կա»,-ասաց ոստիկանը՝ նախաձեռնության համահիմնադիր Արա Զոհրաբյանին։
Վերջինը գնահատեց՝ փողոցային խոսակցություն է։
Ի պատասխան Զոհրաբյանի հակափաստարկների, ոստիկանն ասաց, անհայտ նյութ կա ակցիայի մասնակիցների մոտ, որն օգտագործել են իրենց վրա։
«Մեզ հարցրեցին՝ ասեցինք ջուր է։ Այն, ինչ անում եք, անօրինական է։ Պատասխան եք տալու ձեր արածների համար»,-ասաց Զոհրաբյանը։
Ակցիայի մասնակիցները վերադարձան «Մարիոթ» հյուրանոցի մոտ։ Լրագրողների հետ զրույցում Ա. Զոհրաբյանն ասաց՝ իրազեկման ակցիա են նախատեսում անցկացնել այսօր երեկոյան՝ ժամը 18։30-ին, կոչ արեց քաղաքացիներին միանալ, իրենց հետ բերել այլասերման ախտահանման համար նախատեսված միջոցները։
«Այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանի գիրքը։ Իսկ այսօրվա ոստիկանների պահվածքն անօրինական է, թույլ չտվեցին փողոցն անցնել այն դեպքում, երբ ակցիայի մասնակիցների թիվը չէր հասնում 100-ի, բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին»,-ասաց Զոհրաբյանը։
Ակցիայի մասնակից Սոնա Աղեկյանը ՄԻՊ գրասենյակի, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպանների ուշադրությունը հրավիրեց տեղի ունեցածին։ Չնայած նրա մոտ ջուր չկար, Աղեկյանին էլ թույլ չտալ անցնել փողոցը։