Մեր գյուղի հպարտությունն էր Սոնան. Ո՞վ է Փաշինյանի շարասյան մեքենայի կողմից վրաերթի հետևանքով մահացած կինը
Աշխատանքից կառավարական ամառանոց վերադարձող Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենաներից մեկի մասնակցությամբ վրաերթի հետևանքով երիտասարդ հղի կնոջը ողբերգական մահը երեկ ցնցեց շատերին։ Մարդկանց զայրույթն էլ ավելի սաստկացավ, երբ իմացան՝ վրաերթի ենթարկելուց հետո մեքենաները չեն կանգնել, կնոջը փողոցում ընկած թողել են ու գնացել։
Yerevan.Today-ը պարզել է, որ մահացած կինը Սոնա Մնացականյանն է.
«Կառավարությունից հրահանգավորված՝ գաղտնի է պահվում երեկ երեկոյան Նիկոլ Փաշինյանի կորտեժի վրաերթի ենթարկած աղջկա տվյալները․ ոստիկանությունն անգամ մահացածի անուն- ազգանունն է թաքցնում։ Yerevan.Today-ը պարզել է, որ մահացած հղի կինը Սոնա Մնացականյանն է՝ 29 տարեկան։ Սոնան ծնվել ու մեծացել է Արտաշատի Բերքանուշ գյուղում: Անցած տարի էր ամուսնացել, բնակվում էր Երևանում։
Yerevan.Today-ին հաջողվել է կապ հաստատել Սոնայի համագյուղացիներից մեկի հետ։ Աշոտի խոսքով, Սոնայի ընտանիքը շատ ուշ իմացել իրենց դստեր մահվան մասին։
«Երևանում պատահած ողբերգության մասին հարազատները ցավով պատմում էին իրար, բայց չգիտեին, որ մեր Սոնան է ընկել մեքենայի տակ:
Մացակ Մնացականյանի աղջիկն էր, կարգին, շնորհքով ընտանիք, սովորել է Իտալիայում, շատ խելացի, սիրունիկ աղջիկ էր։
Մեր գյուղի հպարտությունն էր Սոնան, զարմացած եմ մարդկանց տգիտության վրա, որ էս ողբերգությունից հետո սոցցանցում քննարկում ու քննադատում են Սոնային, թե ինչ իրավունք ուներ փողոցն անցնել անթույլատրելի տեղից։
Մենք չգիտենք՝ ինչ է կատարվել, մենք ստեղ, դուք՝ Երևանում, բայց կարելի՞ էր մարդկանց կոտորելով վարչապետին տուն տանել Երևանի նեղ փողոցներում, ինչու՞ են էդքան բարձր արագությամբ սլանում, ո՞ւմից են վախենում, ո՞վ է ընկել իրանց հետևից, քա՜նիս-քանիսին են տենց գցել մեքենայի տակ ու չեն խրատվում»։
«Բլոգնյուզ» կայքի խմբագիր Արամ Գևորգյանն էլ Սոնայի մասին գրել է.
«Նկարում՝ երեկ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված ու մահացած հղի կինն է՝ Սոնա Մնացականյանը։ Նա Support Our Heroes - Armenia կազմակերպության հիմնադիր անդամ, Կազմակերպության կողմից Արցախում կառուցվող «Թևեր» ՏՏ կենտրոնի ծրագրի ղեկավարն էր...»։
Հարակից հրապարակումներ`
- Թագուհի Թովմասյան. Ընդդիմադիր Նիկոլը կասեր՝ «մարդասպան կորտեժ»
- #գնա. Սոցցանցերի օգտատերերի կոչը
- Լեո-Պարոնյան խաչմերուկի մոտ մարդիկ մոմ ու փափուկ խաղալիք են դնում մահացած մայրիկի ու չծնված փոքրիկի համար
- Լեո-Պարոնյան խաչմերուկում կնոջը վրաերթի ենթարկելու համար ՃՈ սպայական վաշտի հրամանատարը ձերբակալվել է
- Շտապօգնության տնօրենը հաստատում է. Լեո-Պարոնյան խաչմերուկից քաղաքացի են տեղափոխել հիվանդանոց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան