Անօթևան կինն ու պետական մարմինների անօգուտ քաշքշոցը
Panorama.am կայքը երեկ անդրադարձել էր իրանահայ 53-ամյա Այիդա Զարգարեանի խնդրին, ով 4,5 ամիս Հայաստանում է և վերջին մի քանի օրերին «Ռոսիա» կինոթատրոնի մոտ գտնվող բնակելի շենքերից մեկի բակում՝ բաց երկնքի տակ է անցկացնում ցերեկն ու գիշերը։ Panorama.am-ի հետ զրույցում նա տեղեկացրեց, որ ինքը գնացել և վերցրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ուղղված իր դիումի պատասխանը դրամական և հումանիտար օգնություն ստանալու համար, որը վերահասցեագրվել էր Միասնական սոցիալական ծառայությանը։
Դիմումի պատասխանի համաձայն, կնոջը Միասնական սոցիալական ծառայության սոցիալական աշխատանքի մեթոդական աջակցության և սուպերվիզայի բաժնի աշխատակցի կողմից հեռախոսազանգի միջոցով տրամադրվել է խորհրդատվություն ծառայության իրավասության շրջանակներում գործող աջակցության ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև առաջարկվել է դիմել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայություն, տրամադրվել է ծառայության՝ նրա կողմից նշված համայնքը սպասարկող տարածքային կենտրոնի հասցեն, ոչ պետական կառույցների կոնտակտային տվյալներ աջակցության ծրագրերին դիմելու համար։
«Ես գումար չունեմ, որ որևէ տեղ գնամ, դիմում գրեմ, ոչ էլ մաքուր հագուստ։ Չեմ կարողանում լողանալ, քոր է գալիս մարմինս։ Գոնե ինձ օգնի պետությունը։ Չկա՞ որևէ ծառայություն, որ գա, ինձ տանի այնտեղ, որտեղ պետք է գնամ։ Նշված է Ուլնեցի 31՝ Միգրացիոն ծառայություն, բայց ես ինչպե՞ս հասնեմ այնտեղ։ Մի անգամ արդեն եղել եմ այնտեղ, ասել էին՝ այստեղ չպետք է գայիր, այլ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն»,- ասաց տիկին Այիդան։
Panorama.am-ի հետ զրույցում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանն ասաց, որ իրենք նման ծառայություն չունեն, որպեսզի քաղաքացուն օգնեն գնալ այն հասցեով, ուր ուղղորդել են։
Ինչ վերաբերում է կոնկրետ այս դեպքին, նա նշեց, որ քաղաքացին պետք է գնա Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ու դիմում գրի, որ ուզում է տեղավորվել անօթևանների կացարան և եթե հնարավորություն կա, նաև հասարակական կազմակերպությունների միջոցով ապահովել առաջին անհրաժեշտության իրերով։ Դրանից հետո աշխատողներն իր հետ կապ կհաստատեն ու դեպքը կվարեն։
Մեր դիտարկմանը, որ այդ կինը գումար չունի, առողջական խնդիրներ ունի և ասում է, որ չի կարող որևէ տեղ գնալ, Զ. Մանուչարյանը պատասխանեց, որ այդ դեպքում կարող է մոտենալ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քաղաքացիների ընդունելու բաժին կամ Նալբանդյան 16 հասցեում գտնվող Միասնական սոցիալական ծառայություն և այնտեղ դիմում գրել։
Նա ասաց, որ իրենք այս պահին դրամական աջացության ծրագիր չունեն, անօթևանների համար անօթևանների կացարան տեղափոխելու ծրագիրն է գործում։
«Կան քաղաքացիներ, ովքեր չեն ուզում անօթևանների կացարան տեղափոխվել, բարձրացնում են բնակարանով ապահովելու հարց։ Սակայն բնակարաններով ապահովման ծրագիրը կոնկրետ կատեգորիաների քաղաքացիների համար է, օրինակ երեխա ունեցող ընտանիքներին բնակարանային ապահովության հիփոթեքային ծրագիր»,- ասաց Զ.Մանուչարյանը։ Նա ասաց, որ նախարարությունը չունի նաև բնակարանի վարձավճարը փոխհատուցելու ծրագրեր։
«Առհասարակ, այն դեպքերում, եթե ծրագրեր չենք ունենում, փորձում ենք շահառուին ունենալ մեր բազաներում, որպեսզի մասնավոր սեկտորի հետ համագործակցության արդյունքում, եթե կան հնարավորություններ, որ համադրելի են իր անհրաժեշտությունների հետ, կարողանանք այդ օգնությունն ուղղորդել ճիշտ նպատակի, օրինակ եթե ունենա պարենի խնդիր, փորձենք մեր ունեցած հնարավորություններով իրեն աջակցել»,- ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակը։
Հիվանդ, անտուն կինը օրեր շարունակ ապրում է բաց երկնքի տակ, դիմում է պետական կառույցներին օգնություն ստանալու համար, սակայն, փաստորեն, միակ օգնությունը եղել է հեռախոսազանգի միջոցով խորհրդատվությունը, կամ հասցեի ու կոնտակտային տվյալների փոխանցումը։
«Սոված եմ, այսօր հաց էլ չեմ կերել»,- մեզ հետ զրույցում ասաց տիկին Այիդան՝ անհամբեր սպասելով պետական աջակցության։ Իսկ միակ ակնկալիքն է՝ գոնե գլխին ծածկ ունենա, քանի որ այլևս առողջական այս խնդիրներով անհնար է նստել ու պառկել գետնին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան