Ում հաշվին է Զախարովան արձանագրում, թե՝ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են միմյանց ընդառաջել
Առաջիկայում կկայանա Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ։ Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Զախարովան նշել է, որ Ռուսաստանը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղման հիմք է դիտարկում բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունները և շարունակում է ակտիվ աշխատանքը Երևանի և Բաքվի հետ բոլոր ուղղություններով, այդ թվում՝ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի գործարկումը, խաղաղ պայմանագրի համաձայնեցումը:
«Հաղորդակցության ապաշրջափակման հարցերը քննարկվել են ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ապրիլի 26-ին կայացած հանդիպման ընթացքում: Հայկական և ադրբեջանական կողմերի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև առաջիկայում փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստի անցկացման վերաբերյալ: Ինչ վերաբերում է սահմանային հարցերին, ապա մինչև այս շաբաթվա վերջ ծրագրված են շփումները Բաքվում ԱԳՆ գծով», - ասել է Զախարովան:
Ռուսական կողմը նշում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը պատրաստակամություն են հայտնել՝ միմյանց ընդառաջ գնալու։ Այս առումով եռակողմ շփումները մշակվում են բարձր մակարդակով։
«Ակնհայտ է, որ տարբեր ձևաչափերով իրական աշխատանքը արդյունք է տալիս: Մենք, այսպես թե այնպես, մնում ենք գոյություն ունեցող ձևաչափերում, տեսնում ենք, որ այնտեղ աշխատանքը ընթանում է: Հիմնական նշանակությունը տալիս ենք այն փաստաթղթերի ձևաչափերին և իրականացմանը, որոնք միասին իրական արդյունք են տալիս: Այդ արդյունքը զգում են խաղաղ բնակիչները, տնտեսական օպերատորները, տարածաշրջանն ընդհանրապես», - եզրափակել է Զախարովան:
Այդուհանդերձ, նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 22-ին հայտարարեց, որ եթե Երևանը Բաքվի պայմաններով խաղաղության պայմանագիր չստորագրի, ապա Ադրբեջանը կհրաժարվի ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
Եվրախորհուրդն իր սեպտեմբերյան զեկույցում մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանում տասնյակ բանտարկյալներ են պահվում անմարդկային պայմաններում, նրանց դատում են արագացված կարգով, առանց արդար դատավարության ընթացակարգերի, ինչպես նաև շուրջ 30 հայ բանտարկյալների ճակատագրի և գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկությունն անհայտ է։ Ավելին՝ խոսակցություններ են շրջանառվում նրանց պարտադրված անհետացման, նույնիսկ՝ սպանության մասին։
Բացի այդ, ադրբեջանական ԶՈՒ-ն պարբերաբար գնդակոծում է Արցախի խաղաղ բնակավայրերը և բարձրախոսների միջոցով հորդորում տեղի բնակիչներին լքել իրենց տները՝ Արցախից հայերին արտաքսելու նպատակով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան