«Հրապարակ». Արցախի և Հայաստանի ԱԳ նախարարները երկար ժամանակ չեն հանդիպել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հայաստանի և Արցախի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Դավիթ Բաբայանի միջև տևական ժամանակ է՝ որևէ կապ չկա. նրանք անցած տարվա սեպտեմբերից չեն հանդիպել, ԱՀ ԱԳՆ կայքում անգամ արտգործնախարարների հեռախոսազրույցի մասին լուր չկա։ Վերջին հանդիպումը, ըստ կայքի, սեպտեմբերի 7-ին է եղել․ «Քննարկվել են արտաքին քաղաքականության ոլորտում 2 հայկական պետությունների համագործակցությանը, տարածաշրջանային գործընթացներին ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր։
Երկուստեք կարևորվել են փոխգործակցության շարունակական ընդլայնումն ու խորացումը, հայկական երկու հանրապետությունների արտաքին գերատեսչությունների համագործակցության բարձր մակարդակի պահպանումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ պարբերաբար քննարկումների կազմակերպումը»։ Մենք Դավիթ Բաբայանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ է պայմանավորված կապի խզումը։
«Մեր արտաքին գործերի նախարարությունների միջև կապերն ամուր են, ուրիշ բան՝ աշխատանքի նրբություններ, քննարկումներ՝ դա թողնենք, այլ հարց է... այնպես պետք է անենք, որ կապը միշտ ամուր լինի ստրուկտուրաների միջև՝ անկախ նրանից, թե ով է ղեկավարում»,- ասաց նա։ Խնդրեցինք ուղիղ ասել, թե երբ է Դավիթ Բաբայանը վերջին անգամ տեսել Արարատ Միրզոյանին։ «ՀՀ նախագահի երդմնակալությանը»։ Նկատի ունենք՝ գործնական հանդիպում ե՞րբ է եղել։ «Լավ, ես արդեն հանդիպման եմ»,- ընդհատեց Բաբայանը՝ հաստատելով լուրերը, որ երկար ամիսներ չի հանդիպել Միրզոյանի հետ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան