Մխիթար Գալեյանի հայր. Լավ, ամեն զոհված հինգ բարեկամ, երեք ընկեր չունի՞, որ գան մեր կողքը կանգնեն, պայքարենք
«Հայաստանում, Արցախում երևի չկա մի դպրոց, որը զոհ չունենա։ Ես կոչ եմ անում մանկավարժներին դուրս գալ, միանալ պայքարին»,-գլխավոր դատախազության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց aրցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։
Նա նույն կոչով դիմեց Արաբկիրի թիվ 132 դպրոցի ուսուցիչներին, որտեղ սովորել է որդին։
«Բոլորը ճանաչում են մեր ընտանիքի անդամներին։ Մանկավարժները զանգում են Մխիթարի մամային, խոսում են։ Այդ մանկավարժներն էլ չէ՞ ներդրում ունեն մեր տղաների հայրենասեր լինելու մեջ։ Կոչ եմ անում ուսուցիչներին միանալ մեր պայքարին»,-ասաց Գալեյանը։
Մանկավարժների նման անտարբեր դիրքորոշումը ցավ է պատճառում զավակ կորցրած հորը։ Ասում է՝ զավակի են սպասում, եթե ուսուցիչները շարունակեն նման պահվածքը, կդժվարանա որդուն նման մանկավարժի վստահել։
«Կոչ եմ անում բոլոր արվեստագետներին, մտավորականներին, հայրենասիրական երգեր կատարողներին... Հայրենիքը բառերով չեն սիրում, գործով է պետք սիրել։ Կորցնում ենք հայրենիքը»,-ասաց Գալեյանը։
Որդուն կորցրած հայրը ցանկանում է իրենց կողքին տեսնել նաև քաղաքական գործիչների, փաստաբանների, իրավաբանների, որոնք կօգնեն իրենց իրավական ու այլ հարցերում։
«Այս ազգը չտեսա՞վ Աբովյանում տղաների ոսկորները մեշոկների մեջ։ Ոչ մեկի արժանապատվությունը չշարժվե՞ց։ Մենք այստեղ ենք արդար պահանջով, թող գան մեր կողքը կանգնեն, ոչ ոք չի կարող մեզ օգտագործել, մենք ենք օգտագործողը։ Արցախի հողից մեր երեխաների արյան հոտն է գալիս, ո՞նց են այն տեսնում Ադրբեջանի կազմում։ Մեր մեջ կան իրավաբաններ, այլ մասնագետներ, բայց հիմա մեր բոլորի մասնագիտությունը դարձել է որդեկորույս ծնող։ Չունե՞ն այս տղաները հինգ բարեկամ, չունե՞ն երեք ընկեր, որ գան մեր կողքը կանգնեն... Էս կառավարությունը որդուս հոգեհանգստյան արարողությանը ծաղկեպսակ էր ուղարկել եկեղեցի, խնդրել եմ ընկերներիս, որ այն շպրտեն... Ես պատերազմի ժամանակ այնտեղ եմ եղել՝ Արցախում, առաջին պահից հասկացել եմ, որ սա դավաճանություն է։ Խնդրում եմ, միացեք մեզ, մենք կլինենք առաջին գծում, պայքարենք, պրծնենք էս դավաճաններից»,-ասաց կապուտաչյա ու գանգրահեր Մխիթարի հայրը։
Հարակից հրապարակումներ`
- Զոհվածի հարազատ. Ես մտածում եմ՝ Փաշինյանը կարող է փախնել Հայաստանից
- Գլխավոր դատախազությունը պարտավոր է
- Փաստաբան. Դատախազությունում նոր հասկացան, որ պետք է զոհվածների ծնողներին դատավարական կարգավիճակ տան
- Դատախազությունը որևէ կաշկանդվածություն չունի Նիկոլ Փաշինյանին պատասխանատվության կանչելու հարցում. Արմեն Մուրադյան
- Զոհված զինծառայողներին ծնողներին տուժող ճանաչելու միջնորդությունը բավարարվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան