Ժան-Պոլ Գասպարյանն անհամբերությամբ է սպասում Նարեկ Հախնազարյանի հետ համերգին
Աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը մայիսի 1-ին Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես կգա սպասված մենահամերգով։ Մենահամերգին Հախնազարյանի հետ ելույթ կունենա դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանը, ով փաստում է՝ առաջին անգամ է համագործակցում թավջութակահարի հետ։
«Նարեկ Հախնազարյանին առաջին անգամ հանդիպել եմ նախորդ տարի հոկտեմբերին, երբ առաջին անգամ Հայաստանում էի և մասնակցում էի «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնին, որի մասնակիցն էր նաև Նարեկը։ Շատ ուրախ եմ և անհամբերությամբ եմ սպասում նրա հետ համերգին։ Եվ ինչպես դերասան Համֆրի Բոգարտն է «Կասաբլանկա» ֆիլմում ասում՝ հուսով եմ, որ այս համերգն էլ կլինի «գեղեցիկ ընկերության սկիզբ», ինչպես նաև ստեղծագործական բարեբեր և ոգեշնչող համագործակցության մեկնարկ»,-նշում է Ժան-Պոլ Գասպարյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուր համագործակցություն հարստացնում է երաժշտին։ Դաշնակահարը վստահ է, որ կկարողանան շատ լավ լեզու գտնել։
Նա անհամբերությամբ է սպասում Արամ Խաչատրյան համերգասրահում կրկին հանդես գալու առիթին։ Ասում է՝ 2000-ականներին այս սրահում Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունեցել իր դաշնակահար հայրը, և այս վայրը չափազանց կարևոր է նրա համար։
Առաջին անգամ այստեղ ելույթ է ունեցել Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ։ Էմոցիոնալ ճամփորդություն էր, քանի որ առաջին անգամ էր այցելում իր հոր հայրենիք։ Այնուհետև երկրորդ անգամ հանդես է եկել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Փաստում է՝ Հայաստանում ելույթ ունենալը յուրահատուկ է, և չնայած հայերեն չի խոսում, Հայաստանում ասես տանն է։
Մայիսի 1-ի համերգային ծրագրում Ժ․ Մասնեի «Մտորումներ»՝ «Թաիս» օպերայից, Ս․ Ֆրանկի Սոնատ ջութակի և դաշնամուրի համար լյա մաժոր (թավջութակի համար փոխադրումը՝ Նարեկ Հախնազարյանի), Պ․ Ի․ Չայկովսկու «Նոկտյուրն» ստ․ 19, թիվ 4, «Pezzo Capriccioso» ստ. 62 և Դ․ Շոստակովիչի Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար ռե մինոր, ստ. 40 ստեղծագործություններն են։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան